Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության կողմից ներկայացված Սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու մասին օրենսդրական փաթեթի քննարկումը,որն ընթանում է թեժ մթնոլորտում-այս մասին հայտնում է ORER.am-ը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարակից զեկուցող Վարդան Այվազյանին դիմելով ասաց, թե արդյունքում ստացվելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքի նման. «Ասում են՝ արտոնություններ են տալու, բայց հիմա էլ սահմանամերձ գյուղերի բնակիչներն են փողոց դուրս գալու»: Ի պատասխան Վարդան Այվազյանն ասաց, որ հարկային բեռի թեթևացում է արվում. «Այս քաղաքականությունն իրականացնում է այն, որ մարդը, ով ապրում է սահմանին, ավելի թեթև ապրի, քան պետական բյուջեն 3,4 մլրդ ավելի գումար մտնի»: Այվազյանի խոսքով՝ տատիկների ու պապիկների համար օգնություն է, երբ նա գնում է խանութից հաց առնելու, իսկ իրենք նույն այդ խանութին ազատում են հարկերից: Փաշինյանը չհամաձայնեց, ըստ նրա՝ այդ դեպքում ավելի լավ է առձեռն գումար տալ բնակիչներին՝ խանութում կուտակած պարտքերը փակելու համար և պնդելով, որ նոր օրենքը ոչ մի արտոնություն չի սահմանում, ասաց. «Այդ տատիկ-պապիկների մասին, որ այդքան մտածող լինեիք, 25 տարի այդ տատիկ-պապիկներին չէիք թալանի, բոլորդ միլիոնատերեր դառնայիք: Եկել եք տատիկ-պապիկներին մտապահ եք արել, որ իրենք հաց առնեն, երբ նույն տատիկ-պապիկները 100 000 դրամով նիսյա ունեն այդ խանութներում: Փողը տվեք այդ մարդկանց, թող իրենց նիսյանները փակվեն, և ոչ թե տանեք ձեր օբյեկտները դնեք հարկային արտոնությունների տակ, սահմանամերձ գոտիներով էլի ձեր միլիարդները կրկնապատկեք»: Հակադարձելով Նիկոլ Փաշինյանին՝ Վարդան Այվազյանն ասաց. «Սահմանամերձ գոիտներում ինչքան օբյեկտում ունեմ, քեզ եմ տալիս»,-իսկ Նիկոլ Փաշինյանն իր հերթին խորհուրդ տվեց, իր հետ դուք-ով խոսել, որին ի պատասխան Այվազյանն ասաց. «Լավ, դուք-ին եմ տալիս»:
Չնայած Փաշինյանի բարձրախոսն անջատված էր, այնուամենայնիվ պատգամավորն արձագանքեց, ինչին չդիմանալով Այվազղյանը հարցրեց. «Թե դուք խի՞ տենց սկսեցիք անհանգստանալ: Դու ո՞վ ես, այ տղա»: Այվազյանի բռնկումն անպատասխան չմնաց. «Բա դու ո՞վ ես, այ տղա»,-ասաց Փաշինյանն ու Այվազյանին հիշեցրեց իր շեֆերի մասին, ինչին տեղից միջամտեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իսկ Այվազյանը չշշկռվելու կոչ արեց ու ասաց. «Էտ դու չես, որ կարաս իմ շեֆերին բան ասես, կերազեիր իմ շեֆերի չափ լինեիր: Էտ քո պապաները պետք է ասեին քեզ, որ զադանիա են տալիս, նույն էտ պապաներդ պիտի ասին, թե ինչ ասես արա, էղա՞վ: Չշռկռվես հանկարծ»: