Այդ ապրումները մեզ օգնում են վեր կանգնել անցողիկ աշխարհի արժեքներից ու զգալ մեզ որպես երկնային քաղաքացի
Общество«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգեւոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը խոսեց Սուրբ Զատիկի տոնի ու դրա նշանակության մասին,-գրում է Orer.am-ը: Ինչպես իր խոսքում նշեց բանախոսը, որպեսզի մարդիկ ճիշտ հասկանան տոնի դերն ու նշանակությունը, նրանք պետք է կարողանան ապրել քրիստոնեական կյանքով. «Պետք է կարողանան ապրել ապաշխարությանը նախորդող շրջանը, ապա անցում կատարել ավագ շաբաթվա իրադարձությունները, հիշատակել Քրիստոսի խաչելիությունը»: «Աստծո Որդին, Ով անմեղ էր եւ արժանի չէր որեւէ նեղության, կամավոր կերպով իջնելով Իր բարձունքից` երանելի վիճակից, ապրեց մեր կյանքով, կրեց մեծ նեղություն: Նա ընտրեց կյանքի պարզ ապրելակերպ, ծնվեց ոչ հարուստ ընտանիքում: Ինչպես Ինքն էր ասում՝ ոտքով քայլում էր ու գլուխը հենելու տեղ չուներ: Չունենալով ոչ մի մեղք, Աստծո Որդին կրեց սարսափելի նեղություններ, հայհոյանքներ, չարախոսություններ, ծաղր ու մահ: Մենք պետք է հասկանանք, որ Քրիստորը դա արեց մեր բոլորի փրկության համար»,- ասաց Տեր Զգոն քահանա Աբրահամյանը՝ ընդգծելով, որ հասկանալով այդ ամենը, մարդիկ կարող են ըմբռնել Հարության տոնի նշանակությունն ու էությունը եւ այդ ապրումներից ելնելով` ուրախությամբ մտնել Սուրբ Հարութան տոնի շրջան` ապրելով հոգեւոր մեծ ուրախություն:
Ըստ քահանա Աբրահամյանի` անցնելով այդ ճանապարհը մենք հասկանում ենք, թե ինչպես պետք է լինի քրիստոնյան ու ինչ կերպ պետք է կապված լինի Աստծո հետ, ով սիրում է մեզ ու իր լույսով ու ջերմությամբ ուղղորդում է մեզ: «Այդ ապրումները մեզ օգնում են վեր կանգնել անցողիկ աշխարհի արժեքներից ու զգալ մեզ որպես երկնային քաղաքացի, զգալ ու ապրել որպես լուսո որդիներ: Դրանից ելնելով ե՛ւ մեր պատկերացումները, ե՛ւ վերաբերմունքը շատ ու շատ երեւույթների մասին կփոխվեն»,- ասաց նա` հավելելով. «Մենք Քրիստոսի օրինակից տեսնում ենք, որ կարելի է հոգեւոր ուրախություն կրել անկախ նյութական ու սոցիալական կարգավիճակից, հարուստ թե աղքատ` մարդը ապրելով Աստծո հետ միաբանության մեջ, զգալով Աստծո քաղցրությունը, երկրորդական կհամարի այն նյութական իրավիճակը, որում ինքն այդ պահին գտնվում է: Քրիստոսի հարությունն Աստծո իրականացրած ծրագիրն է, որի շնորհիվ Աստված կամենում է ոչ թե պարգեւել մեզ այս անցողիկ աշխարհում հարաբերական բարեկեցություն, առողջություն, երկար տարիների կյանք, երեխաներ, թոռներ, որի համար մենք հաճախ գնում ու աղոթք ենք բարձրացնում եկեղեցում առ Աստծված, այլ կամենում է մեզ հավիտենական երանելի ուրախություն պարգեւել, որն անհամեմատ առավել արժեքավոր պարգեւ է, քան երկրային բոլոր բարիքները»: