Հայաստանը երբեք չի ուշացրել պետական պարտքի հետ կապված որևէ պարտավորություն. Ֆիննախ
ЭкономикаՀայաստանը ոչ մի անգամ, ոչ մի վայրկյանով չի ուշացրել պետական պարտքի որևէ պարտավորություն:
Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:
Նրա խոսքով` իրենք ունեցել են վճարման դժվարություններ, սակայն նախօրոք համապատասխան վարկատուի հետ բանակցություններ են սկսել հետաձգելու կամ վերաձևակերպելու համար:
«Ոչ մեկի գծով վարկատու չի բողոքել: Մենք հազվադեպ երկրներից ենք, որ նման խնդիր չենք ունեցել»,- վստահեցրեց Մարգարյանը:
Անդրադառնալով պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության 50 տոկոս շեմն անցնելուն` նա նշեց, որ այդ դեպքում, ըստ օրենքի, փոխվում է պետական պարտքի հանդեպ վարքագիծը:
ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության պետի խոսքով` 2015 թվականի դեֆիցիտը 5,5 տոկոսից մի փոքր ավելի էր, իսկ 2016 թվականինը, քանի որ կար 50 տոկոսն անցնելու փաստը` ծրագրավորվել է 3 տոկոսից մի փոքր պակաս, որն օրենքի պահանջ է:
«Ինձ համար շատ ավելի մտահոգիչ է այն փաստը, որ բյուջեի ծախսերի մեջ արագորեն ավելանում է պարտքի սպասարկման տեսակարար կշիռը: Եթե 2-3 տարի առաջ այն մոտ 1,5-2 տոկոս էր, ապա անցած տարի մենք շուրջ 9 տոկոսի հասանք: Դրա լուծման միակ ճանապարհը տնտեսության աճի տեմպերի ավելացումն է և բարձր ՀՆԱ-ի ցուցանիշը: Բյուջեն ծրագրավորելուց հետո 2017 թվականի առաջին եռամսյակի հիման վրա հայտարարվեց, որ հարկային եկամուտները 50 մլրդ-ից ավելի կլինեն:
Սա նշանակում է, որ մենք 0,4 տոկոսով կիջեցնենք ծախսերի տեսակարար կշիռը, փաստացի բյուջեի ծախսերի մեջ: Այն մտահոգիչ էր և դրա մ իակ լուծումը տնտեսության աճն է, որը մենք արդեն սկսել ենք զգալ և այն պետք է շարունակական լինի»,- ասաց նա: