Շարունակվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը
КультураԳյումրիում շարունակվում է երաժիշտ-կատարողների IX «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Այս օրերին քաղաքի տարբեր մշակութային հաստատություններում միաժամանակ ընթանում են մի քանի անվանակարգի լսումները:
Այս տարի առաջին անգամ տեղ է գտել նաև «Փողային գործիքներ, քաղաքացիական և զինվորական նվագա խմբեր» անվանակարգը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 6 նվագախումբ՝ 2 քաղաքացիական և 4 զինվորարական: Մրցույթը տեղի ունեցավ ապրիլի 15-ին «Գոհար» երաժշտանոցում: ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՀՀ ոստիկանության զորքերի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Շիրակի կայազորի պրոֆեսիոնալ նվագախմբերի կողքին ելույթ ունեցան նաև դպրոցական նվագախմբերը՝ Փարաքյարի Հ. Եդիգարյանի անվան ու Երևանի Ղ. Սարյանի անվան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ժյուրիի անդամները երեխաները ոչ պակաս արհեստավարժ էին ներկայացնում զինվորական խրոխտ քայլերգերը:
Ժյուրին, որի կազմում Հայաստանի, ՌԴ-ի և Էստոնիայի լավագույն երաժիշտներն են, լավագույն խմբերի անունը կհրապարակի մի քանի օրից: Այս անվանակարգը նվիրված է 2016 թվականի դեկտեմբերին Սև ծովում աղետի ենթարկված ՌԴ ՊՆ Տու-154 ինքնաթիռում գտնվող Ա.Վ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտներին՝ գեղարվեստական ղեկավար Խալիլովի գլխավորությամբ:
Այս անգամ «Վերածնունդ» միջազգային փառատոնը նվիրվում ՀՀ հետ մի շարք երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 եւ Երեւանի Պետական Կոնսերվատորիայի Գյ ումրու մասնաճյուղի հիմնադրման 20 ամյակին:
2017թ. «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 35 երկրներից ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ: Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 19 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողգործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն ,զինվորական նվագախմբեր եւ երգչախմբեր, պարարվեստ անվանակարգերով:
Իրենց անվանակարգերում 19 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, 63 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III, IV եւ V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:
Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների կազմում) ընդգրկված են 72 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից: Մասնակիցները ներկայացնում են՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրիա, Ավստրալիա, Բելոռուսիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Էստոնիա, Իսպանիա, Իրան, Իտալիա, Լատվիա, ԼՂՀ, Լիտվա, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Մոնղոլիա եւ այլն:
Ինչպես նախկինում այս անգամ ևս փառատոնը իրականացնող կազմակերպություններն են՝ ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյան) եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տնօրեն Կարինե Ավդալյան):