Քրիստոսի հարության օրինակի մեջ պետք է բացահայտել սեփական հարությունը և վերարժևորել կյանքի իմաստը. այսօր Քրիստոսի Հարության տոնն է
ОбществоԱյսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է, որը կոչվում է նաև Զատիկ, ինչը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ Սուրբ Քրիստոսի Հարության տոնը մեր քրիստոնեական գիտակցության մեջ և հավատքի ընկալման առումով մեծագույն տոներից մեկն է այն իմաստով, որ Քրիստոսի Հարությունը բացահայտում է բոլոր այն հաստատուն ճշմարտությունները, որոնք Քրիստոսը մեզ սովորեցրեց` և խոսքով, և իր օրինակով: Tert.am-ի հետ զրույցում, խոսելով օրվա խորհրդի մասին, քահանան նշեց.
«Քրիստոնյայի համար ամենակարևոր պայմանն է Քրիստոսի Հարության օրինակի մեջ բացահայտել սեփական հարությունը և վերարժեքավորել կյանքի իմաստը։ Մենք միմյանց հարության ավետիսը փոխանցելու խորհրդի մեջ կարևորում ենք հաղթանակը չարի և մահվան նկատմամբ»:
Տեր Եսային նշեց, որ հավատքի ճանապարհին մենք միշտ ձգտում ենք կատարելության և ժամանակի հետ պատարագ այցելողների, պահք պահողների թիվն ավելանում է: Ըստ քահանայի՝ հակաքրիստոնեական կլինի գնահատել որևէ մեկի հավատը, նրա պահք պահելու անկեղծությունը:
Քահանան մարդկության համար առաջնային պայման է համարում սերը և քաջությունը` ապրելու և պայքարելու, որովհետև Քրիստոսն իր խաչելությամբ ցույց տվեց իր սերը և քաջությունը՝ որպես օրինակ: «Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության լույսը միշտ մեր կյանքում բերի ազնիվ ու անկեղծ զգացումներ, որոնցով մենք կկարողանանք գնահատել մեկս մյուսին: Քրիստոսի հարությամբ պետք է կարողանանք տեսնել մեր կյանքի վերափոխումը, կարողանանք ամուր ու հաստատուն պահել Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում, ինչի կարևոր պայմանն է լուսավոր միտք ունենալը»,- ասաց քահանան՝ նշելով, որ ճրագալույցին, երբ մենք եկեղեցիներից լույս ենք տանում տուն, այդ խորհրդի մեջ տեսնում ենք աստվածային այն լույսը, որը պետք է իմաստավորի մեր կյանքը:
Տեր Եսայիի խոսքով՝ Զատկի սեղանին սովորաբար դրվում է ներկած զատկի ձուն, որը պետք է կարմիր լինի, որը խորհրդանշում Քրիստոսի թափված արյունը աշխարհի փրկության համար:
Չնայած դրան՝ քահանան նկատեց, որ հաճախ սեղաններին դրվում է տարբեր գույներով ներկած ձու` տոնական տեսք տալու համար, ինչը թեև դավանաբանական սխալ չէ, սակայն իրական գույնը կարմիրն է.
«Չամիչով փլավը խորհրդանիշն է աշխարհի մարդկանց, բրնձի հատիկները խորհրդանշում են առհասարակ մարդկանց և չամիչները` քրիստոնյաներին, ովքեր պետք է նկատելի լինեն իրենց առաքինի վարքով և քաղցրացնեն մեր կյանքը»:
Ըստ qahana.am-ի Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: