«Հոգնած» ընտրություններ
АналитикаԵրևանի ավագանու ընտրություններին մեկ ամսից էլ կարճ ժամանակ է մնացել։ Սակայն ակնհայտորեն զգացվում է, որ այս ընտրություններին և' մասնակից ուժերը, և' քաղաքացիները գնում են երևացող հոգնածությամբ։ Հանրապետական կուսակցությունն հատուկ քարոզարաշավային ջանքեր չի գործադրում՝ թերևս նկատի ունենալով մրցակիցների հնարավորությունները։ Ելքն ու Երկիր Ծիրանին էլ, իրենց հերթին, ընդամենը մասնակցություն են ապահովում, քանի որ պարզից էլ պարզ է՝ Երևանում իշխանափոխությունն այս պայմաններում անհնար է։
Սակայն այս իրավիճակը բավական տարօրինակ է, քանի որ ավագանու նախկին ընտրությունները բավական քաղաքական էին՝ համեմված ակտիվ քարոզարշավով. ներկայումս, սակայն, քաղաքական մյուս ուժերի հրաժարումը ընտրապայքարից ավագանու ընտրություններին տվեց ավելի շուտ արարողակարգի, քան թե քաղաքական գործընթացի բնույթ։
Իրավիճակն առավել հետաքրքիր է դառնում՝ նկատի ունենալով այն, որ ընտրություններին մասնակցող երեք ուժերն էլ, ամենայն հավանականությամբ, ներկայացված կլինեն ավագանիում. այս փաստն արդեն իսկ գրեթե իմաստազրկում է լուրջ ընտրապայքարը։ Անշուշտ, այստեղ կարող են հնչել պնդումներ, որ, մասնավորապես, Ելքը կարող է հավակնել քաղաքապետի աթոռին, քանի որ ԱԺ ընտրություններում հենց Երևանում այն ստացել է իր հավաքած քվեների գերակշիռ մասը, սակայն պետք է ամեն դեպքում իրատես լինել և ընդունել, որ Հանրապետականը որևէ կերպ չի զիջի Երևանը։
Վերջապես, ինչ վերաբերում է ընտրություններին չմասնակցող ուժերին, ապա պետք է նշել, որ վերջիններս գուցե և ռեալ գնահատեցին իրավիճակը, սակայն, այդուհանդերձ, նման քայլերով արժեզրկվում է ընդհանրապես տեղական ինքնակառավարման ինստիտուտը։ Սա գլոբալ առումով ոչ միայն Երևանի, այլև ամբողջ Հայաստանի մասշտաբով լուրջ խնդիր է, որն այդպես էլ տարիներ շարունակ չի լուծվում։
Այս պարագայում ընդամենը կարող ենք ասել ափսոս։
Տիգրան Դավթյան