Հանդիսավոր համերգով նշվեց Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը
ОбществоՀայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակին նվիրված համերգը տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Համերգի ընթացքում հնչեցին օպերային և բալետային ստեղծագործություններից հատվածներ, որոնք սիրված էին Կարեն Դեմիրճյանի կողմից։ Ընթացքում ցուցադրվում էին հատվածներ «Տիրի առաքյալը» ֆիլմից, որտեղ Դեմիրճյանի մասին իրենց խոսքն են ասում մի քանի հայ անվանի արվեստագետներ։
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կարեն Դեմիրճյանի ընտանիքի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է։
«Մենք պարբերաբար հանդիպում ենք նրա կնոջհետ և քննարկում տարբեր հարցեր, թանգարանի հետ կապված խնդիրներ։ Ես կարծում եմ, որ պարոն Դեմիրճյանն ունի այդ վաստակը, որպեսզի յուրաքանչյուր հայ հարգի նրա հիշատակը, քանի որ նա, որպես քաղաքական և պետական գործիչ, մեծ վաստակ ունի ՀՀ զարգացման մեջ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը։
Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն, անձամբ չլինելով ծանոթ նրա հետ, ասաց, որ իր համար Կարեն Դեմիրճյանը մի մարդու կերպար է, ում օրինակն այսօր պետք է վարակիչ լինի։
«Ցավոք, ես անձամբ ծանոթ չեմ եղել նրա հետ, բայց կարող եմ ասել, որ նրա օրինակը պետք է վարակիչ լինի բոլորի համար, որպես պատասխանատու, վերուվար անող, ամեն ինչ տեսնող ու հաշվի առնող քաղաքական գործիչ»,- շեշտեց Բախշյանը՝ ընդծելով նրա մարդամոտությունը, ով կարող էր քայլել ժողովրդի մեջ, խոսել նրանց հետ, ձեռքով բարևել։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն էլ իր հերթին մի փոքրիկ դրվագ պատմեց՝ կապված ՀՀ նախկին ԱԺ նախագահի և իր հետ։
«Մի օր առիթ էր եղել, երբ Բյուրականում մեզ հրավիրել էին խաշ ուտելու։ Ես գնալուց հիշեցի, որ օղին մոռացել եմ, հետ գնացի, որպեսզի բերեմ ու մի փոքր ուշացումով վերադարձա։ Երբ անցնում էի լուսամուտի տակով, որտեղ իրենք նստած էին և ես էլ երևում էի նրանց, որ ուշացել եմ, նա հատուկ բարձրաձայն ասաց. «Ես խաշը չեմ սկսելու ուտել մինչև Գագիկը չգա»։ Այդ պահին նա ինձ ամաչեցրեց, բայց միև նույն ժամանակ շատ մեղմ ձևով բացատրեց, որ ուշանում եմ։ Դա իր բնույթի դաստիարակչական ձևերից մեկն էր, որ առանց վիրավորելու, հումորով քեզ ամաչեցնի»,- վերհիշեց Գյուրջյանը, ով շատ անգամներ բախտ է ունեցել շփվելու Կարեն Դեմիրճյանի հետ։
Նրա կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր շփվել և առնչվել են Դեմիրճյանի հետ, մեծ բախտավորություն են ունեցել և երջանիկ մարդիկ են։
Համերգին ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։