Հակոբ Պարոնյանի պիեսները առանձնահատուկ դպրոց են երիտասարդ դերասանների համար. Լյուդվիգ Հարությունյան
КультураՀակոբ Պարոնյանի պիեսի հիման վրա բեմադրված «Շողոքորթը» ներկայացման առաջնախաղը տեղի կունենա մայիսի 13-ին և 14-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Երկու գործողությամբ կատակերգության բեմադրության և երաժշտական ձևավորման հեղինակը Արա Բաղդասարյանն է։ Նկարչական ձևավորման և զգեստների հեղինակը` Անտոն Քեշիշյանը։
Ներկայացման մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի հետ:
««Շողոքորթը» պիեսում շոշափվում են բազմաթիվ այսօրեական հարցեր, խնդիրներ: Հրավիրել եմ ռեժիսոր Արա Բաղդասարյանին, որը բեմադրության մեջ ընդգրկել է տաղանդաշատ դերասանների, ովքեր, վստահ եմ, հավուր պատշաճի կիրագործեն ռեժիսորի մտահղացումները»,-ասաց Հարությունյանը:
Ներկայացման գլխավոր դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն է: Երկար տարիների բացակայությունից հետո թատրոն է վերադարձել Սամվել Գրիգորյանը, որը նույնպես խաղում է բեմադրության մեջ, իսկ մյուս դերակատարները թատրոնի երիտասարդ արտիստներն են:
Լյուդվիգ Հարությունյանը կարծում է, որ խրախուսելի է երիտասարդների մասնակցությունը Պարոնյանի պիեսներում, քանի որ դրանք առանձնահատուկ թատերական դպրոց են նրանց համար:
«Փորձել ենք դասական տարրերով կառուցել բեմադրությունը, խոսքը սցենոգրաֆիայի` նկարչական ձևավորման մասին է, որի վրա աշխատել է Անտոն Քեշիշյանը: Արել ենք ամեն բան, որ հնարավոր լինի հաղորդել Պարոնյանի ներկայացրած ժամանակահատվածը»,-շեշտեց նա:
Հարությունյանի խոսքով` ինչպես Շեքսպիրի, այնպես էլ Հակոբ Պարոնյանի պիեսները ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ չեն բեմադրվել Գյումրու թատրոնում, սակայն լավ կլինի, որ դասականների գործերը դառնան թատրոնի խաղացանկային ներկայացումներ:
Անդրադառնալով «Մշակութային կանգառ» ծրագրում թատրոնի մասնակցությանը` գլխավոր ռեժիսորն ընդգծեց, որ արդեն ընտրված են այն ներկայացումները, որոնք պետք է խաղան դրա շրջանակում:
«Վեցը կանգառ արդեն ունեցել ենք: Ապրիլի 14-ին Վանաձորի թատրոնում հանդես եկանք «Հրեշը լուսնի վրա» ներկայացմամբ: Հաջորդ կանգառը Գորիսն է: Հուսանք, որ «Մշակութային կանգառ»-ը շարունակական կլինի, և «Շողոքորթը» նույնպես կընդգրկվի ծրագրում»,-նշեց նա:
Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ հանդես են գալու նաև Տավուշի մարզի Մովսես գյուղում: Սահմանամերձ շրջաններում ներկայացնելու են այնպիսի գործեր, որոնք հայրենասիրական են:
Անժելա Համբարձումյան