Երբ պարում է նախագահը
АналитикаԵրևույթների, իրողությունների և անցուդարձերի շուրջ հասարակական կարծիքի գլխավոր ձևավորողները լրատվամիջոցներն են: Այս հարցում դժվար թե որևէ մեկը վիճի: Սակայն, հաճախ չորրորդ իշխանության շատ ներկայացուցիչներ, կամա թե ակամա, չարաշահում են իրենց այդ իրավունքը՝ տուրք տալով անորակ, դեղին մամուլին հատուկ լրատվությանը՝ արդյունքում գցելով հասարակության կողմից լրատվության ընկալման ճաշակը:
Այս տրամաբանությամբ մենք հաճախ ենք հանդիպում լուրերի, որոնք ոչ միայն որևէ բովանդակություն չունեն, այլև ընդհանրապես մեր շուրջ տեղի ունեցող երևույթների վերաբերյալ ստեղծում են ձևախեղված ընկալում: Արդյունքը լինում է այն, որ հանրային գիտակցության կողմից որպես սենսացիա և ցնցող լուր է ընկալվում որևէ բան, որ առավել քան բնական և սովորական է:
Այս տեսանկյունից մենք լրատվական տիրույթում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել սիրողական տեսագրությունների, ստատուսային լուրերի այն մասին, թե ինչպես է նախագահը պարում որևէ հարսանիքում կամ այլ տոնական միջոցառման ժամանակ. ի դեպ, սրա օրինակը առավել քան թարմ է, քանի որ հայաստանյան համացանցային միջավայրը հեղեղված է Արա Աբրահամյանի հոբելյանին նախագահ Սերժ Սարգսյանի պարի տեսագրությամբ:
Նույն տրամաբանությամբ բուռն արձագանք ունեցավ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տեսագրությունը, որտեղ նա նվագում էր հարվածային գործիքների վրա: Նմանատիպ տեսանյութերից զերծ չեն մնացել բազմաթիվ նախկին ու ներկա պաշտոնյաներ: Բոլոր այս դեպքերում զարմացական վերանգրերով նշվում է, թե նախագահը պարում է, վարչապետը նվագում է, նախարարը հաց է ուտում և այլն: Այսօրինակ լրատվությունն ինքին, գուցե և ակամայից, անջրպետ է ստեղծում ցանկացած պաշտոնյայի հասարակական ընկալման միջև, քանի որ որևէ մեկը չի կարող հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու տոնական միջոցառմանը նախագահը չի կարող պարել, կամ ինչն է այդտեղ սենսացիոն: Միգուցե նախագահը, վարչապետը կամ որևէ նախարար սովորական մարդիկ չեն: Նման, կարելի է ասել մոլորեցնող լրատվությունը բերում է նաև այլ խնդիրների: Բանն այն է, որ այս թվացյալ սենսացիաների մեջ կորչում է ընդհանրապես լրատվության և լրագրության ընկալումը, որը պարփակվում է տարատեսակ փսևդոսենսացիաների մեջ: Էլեկտրոնային լրատվության շարունական այս վերլեքի պարագայում սա լուրջ խնդիր է դառնում, քանի որ այսօրինակ նյութերով և վերանգրերով լրատվամիջոցները փորձում են ուղղակի դիտումներ ապահովել:
Սա իր հերթին բերում է ընդհանրապես հանրային ընկալման աղճատման, քանի որ ընթերցողը, շարունակաբար հանդիպելով նման իրողությունների, պարզապես դադարում է հետևել լուրջ կամ վերլուծական լրատվությանը, սահամանափակվում է կարճ և հաճախ էլ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ընթերցելով և հիմք վերցնելով: Բնականաբար սա բերում է ընդհանուր հասարակական կարծիքի ձևավորման աղճատված գործընթացի:
Վերջապես, ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ այս կամ այն տեսագրություններին, ապա, անշուշտ, հետաքրքիր է տեսնել պաշտոնյային ոչ պաշտոնական միջավայրում, սակայն թերևս սա չի կարող համարվել սենսացիա դասական իմաստով, այն պարզ պատճառով, որ պաշտոնյան՝ անկախ իր պոստի բարձրությունից, պարզապես մարդ է և քաղաքացի:
Աղասի Մարգարյան