Լավ զինվորականից դեպի միջակ ընդդիմադիր կամ կուսակցություն հիմնի, որ ի՞նչ անի
АналитикаՀայկական պարբերականներից մեկը, հիմնվելով իր աղբյուրների վրա, գրում է, որ Սեյրան Օհանյանը հնարավոր է կուսակցություն հիմնի: Նկատի ունենալով այն, որ Հայաստանում կուսակցություն հիմնելը, որպես կանոն, լինում է ինքնանպատակ և բոլորովին էլ ոչ քաղաքական դաշտում ստեղծված անհրաժեշտությամբ, այս տեղեկության մեջ որևէ արտառոց բան չկա, եթե, իհարկե, այն հաստատվի:
Սակայն այստեղ առաջ է գալիս հաջորդ հարցը. Օհանյանը կուսակցություն է հիմնում, որ ի՞նչ անի: Այս հարցի պատասխանն արդեն չափազանց մշուշոտ է: Եթե արձանագրենք Սեյրան Օհանյանի գործունեությունը պաշտոնանկությունից հետո, ապա պետք է նշենք, որ դա պաշտպանության նախկին նախարարի համար շարունակական անկման ժամանակաշրջան էր:
Պետք է խոստովանել, որ Օհանյանը պաշտոնից հեռացավ՝ ունենալով հանրային համակրանքի բավական մեծ բագաժ: Ի վերջո, Օհանյանը Արցախյան պատերազմի բովով անցած, բանակաշինության գործում մեծ ներդրում ունեցող գործիչ էր:
Սակայն Օհանյանի մուտքը քաղաքականություն (այդ մուտքի մոտիվացիաներն ու վերջնական արդյունքում ՕՐՕ դաշինքի ձևավորումը), կարելի է ասել, մսխեցին Սեյրան Օհանյանի և՛ քաղաքական, և՛ հասարակական կապիտալը: Լավ և գիտակ զինվորականից՝ Օհանյանը քաղաքականության մեջ վերածվեց, գուցե կոպիտ հնչի, սակայն միջակ կամ միջակից էլ ցածր պաթոսային ընդդիմադիրի, ինչի գնահատականն էր նաև ապրիլի 2-ին ՕՐՕ դաշինքի արձանագրած արդյունքները:
Ուստի այս պայմաններում թերևս պետք է նշել, որ Օհանյանի լավագույն քայլը կլինի հեռանալ վաստակած հանգստի կամ զբաղվել որևէ այլ բանով, որը նրա մոտ շատ ավելի լավ կստացվի՝ քան քաղաքականությունը: Սա, իհարկե, բարի ցանկություն է, քանի որ ոչ ոք չի կարող բռնանալ Օհանյանի կամքի վրա:
Տիգրան Դավթյան