Հայաստանը ձգտում է առաջիկայում օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը ՀՆԱ-ում հասցնել մինչև 5 տոկոսի. փոխնախարար
ЭкономикаՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ակնկալում է, որ առաջիկա տարիներին Հայաստանն օտարերկրյա ներդրումների մասով կունենա լուրջ առաջընթաց:
Փոխնախարարն ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի մասով փորձելու են արձանագրել 4-5 տոկոս ՀՆԱ-ի ցուցանիշ:
Նրա խոսքով` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ախտորոշմամբ` ներդրումների հիմնական խնդիրները եղել են վստահության ցածր մակարդակը, ներդրումային ծրագրերի բացակայությունը, որոնք հնարավորություն չէին տալիս ներդրողներին հստակ պատկերացնել Հայաստանում հնարավոր և շահութաբեր ուղղությունները, ֆինանսական միջոցների հասանելիությունը, Հայաստանի ճանաչելիությունը որպես ներդրումային երկիր և տեղեկացվածության բարձրացման խնդիրը:
Ազիզյանի ներկայացմամբ` 2016 թվականին ցուցանիշները ոգևորիչ չէին` արտաքին զուտ ներհոսքը գրանցվել էր մոտ 169 մլն դոլար, իսկ ուղակի ներդրումները 130 մլն դոլար:
«Վստահության բարձրացման մասով հիմնական խնդիրներն արդեն իրականացրել ենք: Դրանք մի քանի օրենսդրական ակտեր են: Մշակվել են «Օտարերկրյա ներդրումների մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքների նոր խմբագրված նախագծերը: «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքն արդեն ներկայացվել է կառավարություն, և դրանով բարելավում է վեճերի լուծման գործընթացը: Սա լրացուցիչ վստահության աղբյուր է: Օրենքի նախագծով հնարավորություն ենք տալիս, որպեսզի վստահությունը մեր օրենսդրական և իրավական համակարգի նկատմամբ բարձրացվի:
«Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքը ևս ներկայացվել է կառավարության քննարկմանը: Այստեղ ևս ավելի հստակեցված, պարզեցված են դառնում ընթացակարգերը: Դրանք համապատասխանեցվում են նաև ԵԱՏՄ շրջանակներում գործող կարգավորումներին»,- ասաց փոխնախարարը:
Նա նաև հավելեց, որ մասնավոր և պետական համակարգի համագործակցության մեխանիզմի ներդրման համար աշխատանքները բավականին ընդգրկուն են և ակտիվ կերպով իրականացվում են: Դրա համար ուսումնասիրվում է միջազգային փորձը: