Հայաստանը մի շարք երկրների ու կառույցների հետ ձևավորում է ներդրումային ֆոնդեր
ЭкономикаՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի վստահեցմամբ` ներդրումային ֆոնդերի ձևավորման ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվել:
Ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխնախարարն ասաց, որ առաջընթաց կա նաև հայ-ռուսական ներդրումային ֆոնդի առումով, որի հուշագիրը կնքվել էր ՌԴ-ի ներդրումային ֆոնդի հետ: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում վերջնական մեխանիզմները հստակեցնելու դեպքում կձևավորվի համատեղ ֆոնդը, սակայն առաջին քայլն արդեն արել են` ռուսական կողմին տրամադրել են այն ծրագրերը, որոնք ունեն ինտեգրացիոն բավականին լուրջ ներուժ և կարող են ֆինանսավորվել համատեղ ֆոնդի միջոցով:
«Աշխատանքներ տարվեցին նաև հայ-էմիրատական ֆոնդի ստեղծման ուղղությամբ: Վերջին գործարար համաժողովի ժամանակ մեր նախարարը հանդիպում ունեցավ ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարի հետ, և հայկական կողմը ներկայացրեց իր առաջարկությունները, թե ինչպես է տեսնում ֆոնդի աշխատանքները, հիմնական մեխանիզմները: Հիմա էմիրատական կողմը քննարկում է դրանք: Հույս ունենք, որ առաջիկա 2 ամիսների ընթացքում ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարի այցի ժամանակ կմոտենանք վերջնական լուծումներին»,- ասաց փոխնախարարը:
Ազիզյանը կարևորեց նաև Հայաստանի ներդրողների ակումբի ձևավորման գործընթացը, որը ևս նախատեսում է ծրագրերի ֆինանսավորում: Նա հույս հայտնեց, որ այս ֆոնդի ձևավորումը Հայաստան կբերի ոչ միայն ֆինանսներ, այլև տեխնոլոգիաներ, կառավարման նոր մեթոդներ, որը հնարավորություն կտա մեր բիզնեսի և գործարար համայնքի կարողությունները բարձր մակարդակի բարձրացնել:
Նրա տեղեկացմամբ` առաջիկայում կձևավորվի նաև Եվրոպական ներդրումային բանկի ներդրումային ֆոնդը` մոտ 40 մլն դոլար արժողությամբ: Արդեն կառավարիչն ընտրված է և այս փուլում աշխատանքներ են տարվում վերջնական գործընթացների ձևավորվման ուղղությամբ:
«Այսինքն` տեսնում ենք, որ ստեղծվում է նոր գործիք` ներդրումային ֆոնդի գաղափարը, որն իրենից ենթադրում է ոչ թե վարկավորում, այլ մասնակցություն ընկերության կառավարմանը և բաժնեմասերի ֆինանսավորմանը, ինչը հնարավորություն կտա ռիսկերը որոշ չափով տեղափոխել դեպի ներդրող կազմակերպություն: Այն լրացուցիչ մեխանիզմ է, որը հեշտացնում է բիզնես ծրագրերի ֆինանսավորումը և մարդիկ կիսում են իրենց ռիսկերը»,- հավելեց փոխնախարար Հովհաննես Ազիզյանը: