Ներդրումային հարթակում Հայաստանի հանդեպ առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ԱՄԷ-ից
ЭкономикаՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ստեղծված ներդրումային հարթակում` investmentprojects.am-ում, միջինում օրական 800 դիտում է լինում:
Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Նրա խոսքով` կայքը բացվել էր փետրվարին և սկզբում այնտեղ ներկայացված էր 32 ներդրումային ծրագիր, իսկ ներկայումս հարթակում առկա են տարբեր ոլորտների 50 ներդրումային ծրագրեր` 2,7 մլրդ դոլար ընդհանուր արժեքով:
«Կայքում տեղ գտած ներդրումային ծրագրերով հիմնականում հետաքրքրվող երկրներ են Հայաստանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Իրանը, Ֆրանսիան, ԱՄԷ-ը: Կարող ենք զուգահեռ անցկացնել և տեսնել, որ առավել շատ դիտումները լինում են այն երկրներից, որտեղ մենք հանդիպումներ ենք ունենում` ներդրումային համաժողովներ և´ նախագահի, և´ վարչապետի մասնակցությամբ:
Այսինքն` սրանք լրացուցիչ հետաքրքրություն և ճանաչողության մակարդակ են բերում մեր երկրի ներդրումային միջավայրի և ծրագրերի նկատմամբ»,- ասաց փոխնախարարը: