Ինչու է Պարույր Հայրիկյանը դիմելու դատարան
ОбществоԱյսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ասաց. «Ներքաղաքական կյանքի կարևորագույն ակնկալիքները կապել մեծ կամ փոքր որևէ գյուղի ընտրության հետ, այնքան էլ տեղին չէ»:
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի ընտրությունները մի փոքր տարբերվում են, բայց, ըստ նրա, «սա էլ մի գյուղ է, մի մեծ համայնք է», որի ընտրություններն էական նշանակություն ունենալ չեն կարող մեր պայմաններում գտնվող ժողովրդի համար:
«Երկրում, որի Սահմանադրությունը կասկածի տակ է, ժողովուրդը մեկ գլխավոր խնդիր ունի՝ իր հիմնական օրենքը կարգի բերել՝ ժողովրդի դերակատարությունն ավելացնելու ճանապարհով: Մյուս բոլոր նպատակները, գործողությունները տասերորդական են»,- նկատեց նա:
Ըստ բանախոսի՝ մենք հերթական նահանջն ապրեցինք. «Հրապարակները չլցվեցին դժգոհ բազմությամբ: Բարոյապես կոտրված բազմությունը դրան ընդունակ լինել չի կարող, իսկ ընտրակաշառք բաժանելը բարոյապես կոտրում է ժողովրդին: Տեղի են ունեցել չակերտավոր ընտրություններ, որի նկատմամբ համընդհանուր դժգոհություն կա: Մենք դա ի սկզբանե կանխատեսել էինք: Մեր բոլորիս հիմնական խնդիրը պետք է լիներ Սահմանադրությունը: Մենք ծրագրում ենք և դիմելու ենք դատարան, դիմելու ենք Ընտրական օրենսգրքի և գործող Սահմանադրության անհամապատասխանությունը ապացուցելու նպատակով: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, մենք մարդու իրավունքների եվրոպական դատարան արդեն ուղարկել ենք, բայց այստեղ տեղում գործընթացը կսկսենք: Առաջիկա 10 օրում այդ գործընթացը սկսելու ենք»:
Անդրադառնալով ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանդրական դատարան դիմելու գործընթացին՝ ընտրությունների արդյուքները բողոքարկելու համար, ասաց, որ ողջունում են. «Ցանկացած քաղաքական ուժ անարդար բան նկատելիս պետք է մինչև վերջին հնարավորություններն օգտագործի: Շարունակում ենք ապրել լճացած պայմաններում, իրենց արևմտամետ հայտարարած ուժերն արդեն մանևրում են՝ արևի տակ ստացած իրենց տեղն արդարացնելու համար»:
Սոսե Չանդոյան