«Դիլիջան Ազգային Պարկում» վերահսկողությունը կիրականացվի ժամանակակից տեխնիկական միջոցներով
ОбществоՀՀ բնապահպանության նախարարությունն աշխատում է միջազգային կառույցների հետ, որպեսզի ժամանակակից տեխնիկական սարքավորումների միջոցով ուժեղացվի վերահսկողությունը «Դիլիջան Ազգային Պարկում»: Արմենպրեսի հաղորդմամբ` ապրիլի 22-ին լրագրողների և բնապահպանական կազմակերպությունների ներկայցուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մ ինասյանը:
«34 հազար հեկտար տարածք ունեցող «Դիլիջան Ազգային Պարկում» բնապահպանական ծառայություն է իրականացնում 50-55 մարդ: Մարդկային ռեսուրսով այս ամենը հսկելը չափազանց բարդ է: Այդ պատճառով միջազգային գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի զինենք տեխնիկական ժամանակակից սարքավորումներով և ավելի ուժեղացնենք հսկողությունը»,-ասաց նախարարը:
Մինասյանը նշեց, որ համակարգային առումով նախարարությունը բարեփոխումների խնդիր ունի:
«Խնդիրը նրանում է, որ ամբողջ ազգային պարկի տարածքը պահպանելու և նպատակային օգտագործելու համար կարիք ունենք նաև համակարգային փոփոխությունների, ծրագրային գաղափարների և մոտեցումների: Նախարարության նպատակն է կանխել, բացառել որևէ երևույթ, որը վնաս կպատճառի մեր բնությանը»,- նշեց Մինասյանը:
Մինասյանի խոսքով` պետք է կանխարգելիչ լիազորություն տրվի բնապահպանության տեսչությանը:
«Պետք է ձևավորվի տեսչական մարմին ներկայումս գոյություն ունեցող տեսչական բազայի վրա, որը լինելու է նոր մարմին իր խորհրդով: Առաջարկներ ունենք, որպեսզի տեսչությունն այնպիսի հզոր լծակներ ձեռք բերի, որը թույլ կտա կանխարգելել որևէ ապօրինի գործողություն: Ներկայումս բնապահպանության տեսչությունը այդ լիազորությունները չունի»,- եզրափակեց Մինասյանը:
Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Անտառային ֆոնդի տարածքներում՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ:
Ըստ հաղորդագրության՝ բնապահպանության նախարարության «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության կողմից սպասարկվող տարածքում հատված ծառերի վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա դատախազի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վերոնշյալ տարածքում ապօրինի հատվել են 100 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 18 միլիոն 906 հազար 474 դրամ վնաս:
Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: