Սերխիո Ռամոս. Ծափահարել եմ ոչ թե մրցավարին, այլ Պիկեին
СпортՄադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է իր հեռացումը «Բարսելոնայի» դեմ Պրիմերայի 33-րդ տուրի խաղում: 77-րդ րոպեին իսպանացի պաշտպանը կարմիր քարտ էր ստացել Լիոնել Մեսիի նկատմամբ կոպիտ սահանկման համար:
«Այդ դրվագում ես ուշացա, սակայն մրցակցին վնասվածք հասցնելու մտադրություն չունեի: Կարծում եմ՝ դա դեղին քարտ էր: Հեռացումը տեղին չէր: Ինչ վերաբերում է իմ ծափահարություններին, ապա դրանք ուղղված էին ոչ թե մրցավարին, այլ Ժերար Պիկեին: «Բարսելոնայի» խաղացողները մշտապես խոսում են մրցավարությունից, ինչը արդյունավետ է ստացվում: Թող Պիկեն հիշի ՊՍԺ-ի ու «Բարսելոնայի» միջեւ խաղը»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում կատալոնական ակումբը կամային հաղթանակ էր տարել 3:2 հաշվով: Ավելացված ժամանակում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 500-րդ գոլն էր խփել «Բարսելոնայի» կազմում՝ հաղթանակ պարգեւելով հյուրերին եւ դառնալով նաեւ դուբլի հեղինակ: «Բարսելոնան» վաստակել էր 75 միավոր եւ հավասարվել «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Կատալոնացիներն Արքայական ակումբին գերազանցում են թե՛ իրար միջեւ խաղերի, թե՛ խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով: Պրիմերայի առաջին շրջանում թիմերը ոչ ոքի էին խաղացել Բարսելոնայում (1:1):