Ադրբեջանը հասկացել է, որ դիվերսիոն ներթափանցման փորձերը կանխվում են, դրա համար ստիպված անցել է զենքի կիրառմանը. Թեւան Պողոսյան
ИнтервьюԱդրբեջանական իշխանությունը, հավատարիմ մնալով վաղուց արդեն որդեգրած սադրիչ գործելաոճին, այս տարի եւս Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արեց ամեն ինչ՝ հայ-ադրբեջանական սահմանին վիճակը լարված պահելու համար:
Անհանգիստ հարեւան երկրի ու դրա ռազմական քաղաքականության մասին ORER.am-ը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի ազգային անվտանգության ու պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ, ով նշեց, որ ադրբեջանական նման գործելաոճի վրա զարմանալը միամտություն կլինի. «Այս 25 տարիների փորձը փաստում է այն մասին, որ կան հատուկ օրեր, տոներ՝ կլինի Ամանորը, մեծ Զատիկը, թե հաղթանակների կամ բանակի օրը, որոնց ժամանակ ադրբեջանական կողմը լարում է վիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
Ապրիլի 24-ի շուրջ սահմանային լարվածությունը տարեցտարի կրկնվել է, ու դրա վրա զարմանալն անիմաստ է: Այս ամենը լավ գիտակցելով՝ հայկական կողմը պարզապես պետք է ձեռնարկի համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ կամ էլ պաշտպանությունն այն մակարդակի պետք է բարձրացնենք, որ ադրբեջանական կողմի սադրանքները չունենան պտուղներ»,- ասաց պատգամավորը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ վերջին շրջանում դիվերսիոն ներթափանցման փորձերի փոխարեն գործի են դրվում տարբեր տրամաչափի զենքեր. «Մենք այսօր գտնվում ենք սպառազինությունների վազքի մեջ, ու քանի որ հայկական կողմը համապատասխան ամրացումներ է կատարել առաջնագծում, ադրբեջանական կողմն էլ իր հերթին հասկացել է, որ դիվերսիոն ներթափանցման փորձերը կանխվում են, ստիպված անցել է զենքի կիրառմանը: Նրանք անընդհատ նոր մեթոդներ են փորձարկում մեզ թուլացնելու համար»:
Ինչպես զրույցի ընթացքում նշեց պատգամավորը, այս իրավիճակից հնարավորինս անվնաս դուրս գալու մեկ ելք կա. «Մենք պետք է այնքան լավ հաշվարկենք ապագա սցենարները ու Ադրբեջանի վարքագիծը, որ մի քանի քայլ առաջ լինենք: Երբ նրանք կփորձեն ինչ-որ նոր բան կիրառել, մենք կունենանք դրան հակազդող միջոցները կամ էլ կկարողանանք կանխարգելիչ, պատժիչ գործողություններ իրականացնել»,- ասաց Թեւան Պողոսյանը՝ հիշեցնելով, որ պատերազմը չի ավարտվել, իսկ Ադրբեջանն էլ չի թաքցնում նոր զենքերի ձեռքբերման գործընթացը: