Դեպի Երևանի ավագանի
АналитикаԱպրիլի 21-ից մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ այս մեկնարկը բավական պայմանական է, քանի որ խորհրդարանական ընտրություններին գրեթե անմիջապես հաջորդող ավագանու ընտրությունները, ստեղծել էին մի իրադրություն, երբ իներցիայով նախընտրական քարոզարշավը շարունակվում էր: Թերևս այս մասին էին վկայում երևանյան խնդիրների շուրջ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների բարձրաձայնումները: Այս տեսանկյունից գրեթե հնարավոր չէ բաժանարար գիծ տանել նախընտրական քարոզարշավի մեկնարկի և դրան նախորդող ժամանակահատվածի միջև:
Մյուս կողմից հենց այս նախաքարոզարշավային մի շարք իրողություններ սկսեցին վկայել, թե ինչ առանցքների շուրջ է ընթանալու քաղաքական ուժերի քարոզարշավը:
Հանրապետականի պարագայում ամեն ինչ ի սկզբանե կարծես թե պարզ է: ՀՀԿ-ն իր քարոզարշավը կառուցելու է կայուն զարգացման հիմքի վրա՝ նշելով, թե այս տարիներին արվել է գործ, սակայն կան խնդիրներ, որոնց լուծման համար հենց ՀՀԿ-ն պետք է շարունակի իր ձեռքում պահել քաղաքի ղեկավարումը: Սա բավական պարզ և միաժամանակ նաև արդյունավետ քարոզչական տարբերակ է:
Ընդդիմադիրներից Ելքի պարագայում կարելի է կանխատեսել, որ այս դաշինքը հիմնական քարոզչությունը կառուցելու է Երևանի ենթակառուցվածքների աշխատանքը քննադատելու, փողոցների վիճակի, աղբահանության, կոմունիկացիաների և այլ հիմնախանդիրների շուրջ: Այս տեսանկյունից գուցե և ընդդիմադիր դաշինքի քարոզարշավում քաղաքական բովանդակությանը նվազ տեղ հատկացվի, սակայն մյուս կողմից, քաղաքացիների կենցաղին առնչվող հարցերը նույնպես լայն արձագանք են ստանում, ուստի Ելքը հնարավորություն ունի գրագետ քարոզարշավ կազմակերպելու համար:
Այլ է խնդիրը Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանիի» պարագայում: Վաղուց արդեն հայտնի է, որ Փոստանջյանը, մեղմ ասած, իռացիոնալ քաղաքական գործիչներից է և հնարավոր չէ նրա քաղաքական վարքագծում որևէ բան կանխատեսել: Այս տեսանկյունից թերևս առաջիկա քարոզարշավը նույնպես լինելու է անկանխատեսելիության սահմաններում, ինչը նշանակում է, որ անկախ դրա քաղաքական կողմից ու բովանդակությունից, Զարուհի Փոտանջյանն առնվազն հետաքրքրություն կհաղորդի այս պրոցեսին: Անշուշտ ցանկալի կլինի նաև, որ այդ հետաքրքրությունը մնա կոռեկտության որոշակի սահմանների մեջ, քանի որ հաճախ Փոստանջյանի մասնակցությամբ գործընթացներում հակառակ դրսևորումները հանդիպում են:
Տիգրան Դավթյան