Մենք չենք ցանկանում թալանել պետությունը, մեր ուզածն է, որ հանգիստ ապրենք. կառավարության շենքի դիմաց կրկին թեժ էր
ОбществоԱյսօր առավոտից ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց էր: Իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում տոնավաճառների աշխատակիցները: Ակցիան համակարգող Արմեն Ներսիսյանը հավաքվածների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ հայտարարեց, որ իրենք ունեն տոնավաճառների ներկայացուցիչներից կազմված խումբ, որն էլ պատրաստ է հանդիպել վարչապետի հետ եւ քննարկել իրենց մտահոգող հարցերն ու ստանալ դրանց հնարավոր լուծումները:
«Մենք կառավարությունից մեկ պատուհանի սկզբունքով աշխատելու հնարավորություն ենք պահանջում, այսինքն` առանց մաքսային վճարների նաեւ երաշխիք, որ 5 տարի օրենքը չի փոփոխվի: Պահանջում ենք նաեւ ազատել ռիսկեր պարունակող թղթաբանությունից: Մենք պատրաստ ենք հարկերը վճարել մաքսատանը, թող սահմանեն հաստատագրված վճար եւ աշխատողների թիվ` ըստ վաճառքի տարածքի, ըստ քառակուսի մետրի»,-ասաց Ա. Ներսիսյանը հավելելով. «Մենք վատ բան չենք առաջարկում, մենք չենք ցանկանում թալանել պետությունը: Մեր ուզածն է, որ հանգիստ ապրենք, ոչ թե ահ ու վախի մթնոլորտում աշխատենք: Ուրիշ երկրներում ապրանքները բերում են, մաքսային վճարները անում, բացի 20 տոկոս ԱԱՀ-ից: Ապրանքը վաճառելուց հետո նոր 20 տոկոս ԱԱՀ-ն տալիս են: Հերիք չի մենք ռիսկ ենք անում, վարկ ենք վերցնում, ապրանք ենք բերում, ու հայտնի չի` ապրանքը կարող ենք վաճառել, թե ոչ, 20 տոկոս ԱԱՀ-ն մուծում ենք, ու այդքանից հետո մտածում են, թե մենք հարկերից խուսափո՞ւմ ենք: Բա ասենք, թե ապրանքը բերում ենք ու պարզվում է՝ մեզ խաբել են ու վատորակ ապրանք են տվել, ու արդեն 20 տոկոս ԱԱՀ-ն վճարել ենք, ի՞նչ պետք է անեմ, նորից ապրանքը հետ տանեմ ու նորից բերելիս 20 տոկոս ԱԱՀ-ն վճարե՞մ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ տոնավաճառների աշխատողները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնում են խնդրի մասին: Նախորդ անգամ նրանք հանդիպել են վարչապետի օգնականներից մեկի հետ եւ հանդիպման արդյունքներից դժգոհ են, քանի որ հանդիպումը վերածվել է բանավեճի:
Սոսե Չանդոյան