Լուիս Էնրիկե. Վշտացած չեմ, որ այլեւս չեմ մարզելու Մեսիին
Спорт«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհունակություն է հայտնել, որ բախտ է ունեցել մարզել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 3:2 հաշվով արտագնա հաղթանակից հետո իսպանացի մասնագետը հայտարարել էր, որ Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է:
«Վշտացած չեմ, որ այլեւս չեմ մարզելու Մեսիին: Միշտ փորձում եմ ուշադրություն դարձնել դրական բաների վրա: Իսկ այս դեպքում դա այն է, որ ես 3 տարի եղել եմ Մեսիի մարզիչը: Ունեցել եմ հնարավորություն վայելել նրա խաղը եւ տեսնել Լեոյի կատարմամբ հազարավոր հնարքներ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի վերջում Լուիս Էնրիկեն հեռանալու է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան: