Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
ОбществоՀայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներ են կազմակերպվել Հռոմում և Նեապոլում՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մասնակցությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ապրիլի 23-ին Տիբերյան կղզու Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում Հայ առաքելակ ան և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները, Սանտ Էջիդիո համայնքի եկեղեցականների հետ միասին, առաջին անգամ համատեղ ծիսական արարողություն կատարեցին՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, իտալահայ համայնքի անդամներ»:
Ապրիլի 24-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Նեապոլի արքեպիսկոպոս Կարդինալ Կրեշենցիո Սեպեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների առջև մատուցած Տերունական աղոթքից հետո իր ողջույնի խոսքն ուղղեց եկեղեցում հավաքված հավատացյալներին: Նա իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին նեապոլցիների կողմից սիրված Սուրբ Գրիգոր Հայի մասունքները դեռևս 2 տարի առաջ սկզբնական մատուռ վերադարձնելու նախաձեռնության համար: Այնուհետև հնչեց Սրբին նվիրված հիմնը:
Արարողությունից հետո թափորը շարժվեց դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող, որտեղ Կարդինալ Սեպեն իր աղոթքը հնչեցրեց Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: Ընթերցվեց Հովհաննես-Պողոս 2-րդի և Ֆրանցիսկոս 1-ինի կողմից Ծիծեռնակաբերդում հնչեցրած աղոթքները: Միջոցառմանը ներկա էին նաև Նեապոլի հայ համայնքի անդամներ: