Մուկուչյանն ու Զուրաբյանի մատը
АналитикаՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Թե ինչ արդյունքներ կունենա այս քննարկումը, կարծես թե բոլորի համար էլ պարզ է: Ավելի հետաքրքիր է ՍԴ-ում ընթացող այս քննարկման ընթացային մասը: Այնպիսի տպավորություն է՝ հայց-դիմումի առանցքային խնդիրները վերջին օրերին պտտվում են Լևոն Զուրաբյանի մատի շուրջ:
Քննարկման առաջին օրվանից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հետևողականորեն պանաջում է ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանից «մատով» չխոսել, Զուրաբյանն էլ հակադարձում է, և արդյունքում Սահմանադրական դատարանը վերածվում է բակային բեսեդկայի, որտեղ միմյանց հետ վիճում են նարդի խաղացող տարեցները: Մուկուչյան-Զուրաբյան այս «հակամարտությունը», որպես կանոն, ձգվում է այնքան, մինչև միջամտում է Գագիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ «ծերուկները» գտնվում են Սահմանադրական դատարանում:
Նման պայմաններում թերևս լիովին իմաստազուրկ է դառնում անգամ հետևել այս քննարկմանը, որի արդյունքներն, ի դեպ, ի սկզբանե ակնհայտ են:
Տիգրան Դավթյան