ՋՕԸ-երի խոշորացումից պետության բեռը տարեկան նվազում է 450-480 մլն դրամով
ЭкономикаՀայաստանում գործող 37 ջրօգտագործող ընկերությունները խոշորացվել են և ներկայումս գործում են 14-ը: Այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով` խոշորացման արդյունքում ունեցել են կրկնվող հաստիքների կրճատում, ինչի հետևանքով պետության բեռը տարեկան նվազում է 450-480 մլն դրամով:
«Ունեցել ենք նաև ԾԻԳ-երի խոշորացում: 4 ԾԻԳ-երից մեկը` «Արփա-Սևանը» փակվել է, իսկ մնացած 3-ը միացրել ենք և ներկայումս ունենք մեկ ընդհանուր ԾԻԳ: Արդյունքում տարեկան տնտեսում ենք 50 մլն դրամ և 84 մլն տնտեսում ունեցել ենք «Արփա-Սևան» ԾԻԳ-ի փակմամբ»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նաև հավելեց, որ զուգահեռ ծրագրեր ունեն ոռոգման համակարգի վերանորոգման, նոր ջրանցքների նորոգման և վերականգման ուղղություններով: