ՀՀ վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր
ЭкономикаՎարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը քննարկել է կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, զեկուցվել են վերջին հանդիպման ժամանակ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների բարձրացրած տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ կատարված քայլերը՝ կառուցապատում-հարկային վարչարարություն, ծրագրերի իրականացում-իրացում շղթայի համատեքստում:
Դրանք վերաբերել են կառուցապատողի կողմից ենթակառուցվածքների` ջրամատակարարման, գազիֆիկացման, էլեկտրամատակարարման ապահովմանը, երկրատեղեկատվական համակարգի ներդրմանը, հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցմանը և այլն:
Ենթակառուցվածքային խնդիրների հետ կապված զեկուցվել է , որ այդ առնչությամբ կառավարությունը քննարկումներ է ունեցել ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ և պատրաստ է վերջիններիս ու կառուցապատողների հետ համատեղ լուծում գտնել յուրաքանչյուր կոնկրետ խնդրի համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ էլ նշվել է, որ ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեն արդեն ձեռնամուխ է եղել համապատասխան աշխատանքների իրականացմանը:
Վարչապետը նշել է, որ նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ կառուցապատողների առաջ քաշած հարցերի լուծումներ գտնելու նպատակով: