«Վեոլիա ջուրն» առաջիկա 15 տարիների ընթացքում նախատեսում է առաջարկել խմելու ջրի սակագնի փոփոխություններ
ЭкономикаՀայաստանում խմելու ջրի սպասարկման տենդերով հաղթող ճանաչված «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջիկա 15 տարիների համար նախատեսված ծրագրով պատրաստվում է առաջարկել խմելու ջրի սակագնի փոփոխություններ:
Այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Նրա խոսքով` հիմնական ցուցանիշը, որով պայմանավորված է ջրի սակագնի փոփոխությունը աշխատավարձի մակարդակն է և էլեկտրաէներգիայի սակագինը: «Դրանց փոփոխություններով բնականաբար կփոխվի նաև ջրի սակագինը: Կոնկրետ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում խմելու ջրի փոփոխություններ չեն նախատեսվում»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով ոռոգման ջրի սակագներին` ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հիշեցրեց, որ մոտ տաս տարի առաջ նվազագույն աշխատավարձի շեմը եղել է 24 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը 16 դրամ:
«Անցել է մոտ 10 տարի, նվազագույն աշխատավարձը և էլեկտրաէներգիայի սակագինը համարյա եռակի բարձրացել են, բայց ոռոգման ջրի սակագինը մնացել է անփոփոխ:
Ներկայումս ոռոգման ջրի իրական սակագինը 22 դրամ է, իսկ տարբերությունը 22-24 դրամ է, որը սուբսիդավորում է պետությունը: Այսօր հարց դնել, որ այն ամբողջությամբ վճարի պետությունը` կարծում եմ, պետությանը ծանր վիճակի մեջ է դնելու»,- ասաց նա: