Արարատի մարզի պատանի շախմատիստները շարունակում են հաղթարշավը
СпортԵրեւանում ապրիլի 13-23-ը անցկացված ՀՀ պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնությանն այս անգամ Արարատի մարզը ներկայացրեց տարբեր տարիքային խմբերի չորս շախմատիստներ, որոնցից բոլորն էլ ցուցաբերեցին լավ արդյունքներ:
Արարատի մարզի շախմատի ակադեմիայի մարզիչ Միքայել Մարտիրոսյանը նշեց, որ մինչեւ 16 տարեկանների առաջին խմբում հիանալի, առանց պարտության խաղ ցուցաբերեց Աննա Սարգսյանը: Պատանի շախմատիստուհին, 9-ը հնարավորից վաստակելով 8 միավոր, հռչակվեց ՀՀ պատանիների չեմպիոն: Մինչեւ 12 տարեկանների տարիքային խմբում մասնակցեցին 2 հոգի՝ արտաշատցի Գոռ Հարությունյանը եւ այգեպատցի Արշակ Մելքոնյանը: Վերջինս առանց պարտության 11 հնարավորից հավաքեց 8 միավոր՝ դառնալով Հայաստանի պատանիների չեմպիոն:
Մինչեւ 10 տարեկան տարիքային խմբում անգերազանցելի խաղ ցուցաբերեց 8-ամյա Ալբերտո Աթոյանը: Նա, կիսաեզրափակչում ութ տարեկանների մեջ կիսելով առաջին եւ երկրորդ տեղերը, իրավունք նվաճեց մասնակցելու Եվրոպայի եւ Աշխարհի առաջնությանը: Նա միաժամանակ լրացրեց որակավորման առաջին կարգը՝ համալրելով է 10 ուժեղագույն շախմատիստների շարքը:
Հաղթողները ստացան մեդալեներ, պատվոգրեր, դրամական պարգեւներ: Հայկ Մարտիրոսյանից հետո, ով այսօր արդեն միջազգային վարպետ է, Արարատի մարզը շախմատի պատանիների ՀՀ չեմպիոն չէր ունեցել: Արարատի մարզում վերջին 10 տարվա ընթացքում շախմատը մեծ տարածում է գտել ու զարգացել, ընդգրկել ավելի շատ դպրոցներ, պատանիներ ու աղջիկներ: Շախմատի զարգացման գործում Արարատի մարզը շարունակում է մնալ առաջամարտիկներից մեկը՝ շնորհիվ ակադեմիայի մարզիչ Միքայել Մարտիրոսյանի եւ նրա օգնականների: