Սահմանամերձ համայնքներին վերաբերող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Ազգային ժողովում քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը»,-այս մասին հայտնում է ORER.am-ը:
Վարման կարգի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ խմբակցությունն առաջին ընթերցմանը կողմ է քվեարկելու փաթեթին, պայմանով, որ հնչեցրած առաջարկությունները հաշվի առնվեն փաթեթը ներկայացնողների կողմից:
ՕԵԿ խմբակցությունը ևս վերապահումով կողմ է քվեարկելու առաջին ընթերցմանը, իսկ եթե առաջարկվող փոփոխությունները հաշվի չառնվեն, ապա ՕԵԿ-ը դեմ կարտահայտվի փաթեթին:«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ վարման կարգի վերաբերյալ ասաց, որ իրենց գաղափարախոսությունը փաթեթում տեղ չի գտել, ավելին՝ արհեստականորեն է օրենսդրական փաթեթը ձևավորվել և իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու:
Այնուամենայնիվ օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ քվեով: