«Առուն չթռած հոպ մի ասա»
АналитикаԵրևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը բավական բուռն դրսևորումներով շարունակվում է: Մասնակից քաղաքական ուժերը, բակից բակ, թաղամասից թաղամաս քարոզչություն իրականացնելով, փորձում են ստանալ քաղաքացիների վստահությունը՝ բնականաբար ամեն մեկը յուրովի: Քարոզարշավը սակայն զուրկ չէ հետաքրքիր դրվագներից: Դե, բնականաբար, միայն այն, որ քաղաքապետարանը «գրավել է» ցանկանում Զարուհի Փոստանջյանը, արդեն իսկ բավական աշխուժություն է բերում:
Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանն է արդեն թաղապետերի պաշտոնները «բաժանում»՝ իհարկե հաշվի առնելով քաղաքացիների առաջարկությունները: Այս իրողությունների ֆոնին երբեմն նույնիսկ մոռանում ես, որ խոսքը գնում է քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրությունների մասին. տպավորությունն այնպիսին է, թե սա օրեր շարունակվող կատակ է:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի «նշանակումները» հիշեցնում են ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրողությունները: 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը պարբերական բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ էր անցկացնում, հանրահավաքներից մեկում Փաշինյանը ելույթ ունեցավ և իր խոսքում անդրադարձավ ստվերային կառավարություն ձևավորելուն:
Այս գաղափարը թերևս Րաֆֆի Հովհանիսյանն այնքան էլ լավ չէր պատկերացրել, քանի որ ընդամենը մի քանի օր անց Հովհաննիսյանը սկսեց «նշանակել» նախարարների և այլ պաշտոնյաների: Թե ինչ ավարտ ունեցավ այս պատմությունը, բոլորս գիտենք: Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր «նշանակումները» հօդս ցնդեցին Ծիծեռնակաբերդի հայտնի աղոթքից հետո:
Թերևս հենց այս օրինակն ունենալով՝ գուցե ամեն դեպքում պետք չէ ժամանակից շատ առաջ ընկնել և մտնել քաղաքապետի դերի մեջ: Անշուշտ, հասկանալի է, որ նման քայլերը հիմնականում Փիառ տեխնոլոիգաներ են, սակայն երբեմն նման տեխնոլոգիաների և քարոզչական միջոցների չափազանցված կիրառումը կարող է բերել ընդհանրապես գործընթացի անլրջացման: Ինչը, ի դեպ, նկատվում է արդեն իսկ: Ուստի, ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում՝ «Առուն չթռած հոպ մի ասա»:
Տիգրան Դավթյան