Տոն՝ առանց մասնակիցների
АналитикаԱնցավ հերթական մայիսի մեկը՝ ուղերձներով, պաշտոնական շնորհավորհանքներով և արհեստական տոնականությամբ:
Իր խորհրդով թերևս այս օրն առավելապես վերաբերում է աշխատողների իրավունքներին և այդ իրավունքների համար տարված պայքարին: Սակայն հայաստանյան սոցցանցային միջավայրում այս օրը նշանավորվեց հայ օգտատերերի կողմից իրենց առաջին աշխատավարձի մասին գրառումներով: Սա բնական էր և նորմալ, ի վերջո մենք գործ ունենք սոցիալական ցանցերի հետ, որոնք ավելի շուտ ժամանցային տարածք են հիշեցնում: Սակայն մյուս կողմից թերևս հենց նման իրավիճակներում է, որ կորչում է տոնի կամ միջազգային օրվա խորհուրդը:
Իրականում հենց մայիսի մեկն ու մնացած բոլոր օրերը պետք է լցված լինեն Հայաստանում աշխատանքի և աշխատողների խնդիրների մասին տեղեկություններով և կարող ենք ասել նաև պայքարով: Իհարկե, «աշխատանք», «աշխատավորներ» ու «պայքար» բառերն ինչ-որ տեղ նաև կոմունիստական ու սովետական ասոցիացիաներ են առաջացնում, սակայն փաստն այն է, որ այսօր Հայաստանում աշխատողները չափազանց անպաշտպան են: Հայաստանի Աշխատանքային օրենսգիրքը, անշուշտ, լիովին ներկայացնում է աշխատողի իրավունքներն ու պարտականությունները և, ըստ էության, զուտ իրավական մակարդակում կարծես թե աշխատողի իրավունքները պաշտպանված են: Սակայն գործնականում ակնհայտ է, որ ո՛չ պետական, ո՛չ էլ առավել ևս մասնավոր հատվածում աշխատանքային զբաղվածություն ունեցող քաղաքացիները զերծ չեն վերադասների կամայականություններից:
Թերևս հենց այս մասին էին վկայում վերջերս՝ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հրապարկում հայտնված մի շարք ձայնագրություններ, որոնք ուղղակիորեն վկայում էին պաշտոնական դիրքի չարաշահման ու աշխատողների իրավունքների ոտնահարման մասին:
Վերջապես, այս ամենից զատ, պետք է նշել, որ պաշտոնական վիճակագրությամբ գործազրկությունը Հայաստանում կազմում է շուրջ 18 տոկոս: Իրականում այս թիվը շատ ավելի մեծ է, քանի որ գործազուրկ չեն համարվում գյուղական վայրերում ապրող քաղաքացիները՝ անկախ նրանից, որ վերջիններս հնարավորություն և ռեսուրս չունեն երկրագործությամբ կամ անասնապահությամբ զբաղվելու համար: Գումարած սրան՝ այստեղ խնդիրը ոչ միայն աշխատանքային զբաղվածություն ունենալն է:
Գաղտնիք չէ, որ ներկայիս հայաստանյան պայմաններում շատերս աշխատում ենք երկու և ավելի տեղ՝ այսպես ասած ծայրը ծայրին հասցնելու համար, բնականաբար, աշխատելով 12, 14 և ավելի ժամ: Սա այն դեպքում, երբ 19-20-րդ դարում եվրոպական ու ամերիկյան պետություններում աշխատողները պայքարում էին 10, իսկ հետո 8-ժամյա աշխատանքային օրվա համար: Ընդ որում, պայքարում էին՝ հասնելով հաջողության:
Նման իրավիճակում թերևս պետք է նշել, որ անցած մայիսի մեկը հերթական անգամ առիթ է դառնում, որպեսզի վեր հանվեն այս խնդիրները, որովհետև քաղաքացիների կյանքի որակը իրականում կախված չէ կառավարությունը կամ Ազգային ժողովը ներկայացնող անձերից, այլ հենց այն աշխատանքային միջավայրից ու աշխատավարձից, որոնք թերևս պետք է ապահովեն նույն ԱԺ-ում և կառավարությունում նստած գործիչները:
Տիգրան Դավթյան