Հայաստանն օտարերկրյա ներդրողներին հետաքրքրող շատ ոլորտներ ունի. «Բիզնես Ֆրանս»-ի գործադիր տնօրեն
Экономика«Բիզնես Ֆրանս»-ի գործադիր տնօրեն Կարոլին Լեբուշեն կարծում է, որ Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, դեղագործական ոլորտը, տեքստիլ արդյունաբերությունը, կարող են հետաքրքիր լինել օտարերկրյա ներդրողների համար:
«Մի շարք հետաքրքիր ոլորտներ կան, որոնց համար Հայաստանը նույնիսկ կարող է ներդրումային հանգույց դառնալ: Ներդրումների գործընթացը շարունակական է և ցանկացած ներդրում կատարելը մեկից երեք տարի է պահանջում:
Այս առումով կարծում եմ՝ ԵՄ «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» թվինինգ ծրագիրն առանցքային նախագիծ է Հայաստանի տնտեսական քաղաքականության համար և Հայաստանի երկկողմ հարաբերությունների համար` առաջին հերթին Ֆրանսիայի հետ և, ընդհանուր առմամբ, արդեն Եվրամիության հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց կազմակերպության գործադիր տնօրենը՝ տեղեկացնելով, որ ծրագրի վրա 20-ից ավելի բարձրակարգ փորձագետներ են աշխատում:
Նա նաեւ նշեց, որ ծրագրի շրջանակում 100-ից ավելի փաստաթղթեր են մշակվել, որոնց մեծ մասը կառավարության կողմից արդեն ընդունվել են, իսկ մի մասն էլ դեռ պետք է ընդունվեն:
«Մի շարք առաքելություններ արդյունավետ կերպով են իրականացվել եւ դրական արդյունքներ են ունեցել, ինչպես օրինակ՝ Ֆրանսիայում տեղի ունեցած մի շարք գործարարների հանդիպումը: Հիմնական հարցը ճանաչողության խնդիրն է, որպեսզի Հայաստանն իր զինանոցում եղած բոլոր գործիքները կարողանա օգտագործել և ավելի ճանաչելի դառնալ աշխարհում: ԵՄ-ն լուսաբանում է այս ծրագիրը, որ երկկողմ հարաբերությունները զարգանան և այս առումով ճանաչելիությունը բարձրանա»,-եզրափակեց նա: