Նիժնի Նովգորոդի շրջանի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ
ЭкономикаՆիժնի Նովգորոդի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ այցելել են Հայաստան իրենց առաջարկները ներկայացնելու Հայաստանի պետական գերատեսչություններին: Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի առևտրի և արդյունաբերության պալատի արտասահմանյան երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Պուշկինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նիժնի Նովգորոդի ընկերությունները հետաքրքրված են Հայաստանով և պատրաստ են համագործակցել:
«Մեզ համար հետաքրքիր է համագործակցել Հայաստանի հետ: Նիժնի Նովգորոդը Ռուսաստանում խոշորագույն արդյունաբերական շրջանն է: Ունենք գրեթե ցանկացած տեսակի արտադրանք` թեթև և ծանր արդյունաբերությունից:
Կարծում եմ, որ Նիժնի Նովգորոդում կարող են լինել Հայաստանին հետաքրքրող արտադրանքներ: Դա նաև կնպաստի Եվրասիական տնտեսական միության ամրացմանը»,- նշեց Պուշկինը:
Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրների շարքում իրենք առաջին բիզնես այցը կատարում են Հայաստան, քանզի վերջինս Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է:
«Բացի այդ, Հայաստանը ռուսական ընկերությունների համար կարող է դառնալ Իրանի հետ համագործակցության կամուրջ: Նիժնի Նովգորոդում գտնվող ընկերությունները Հայաստանը նաև համարում են Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու միջոց»,- ընդգծեց Պուշկինը: