Ամենավերջին միակ ընդդիմադիրը
АналитикаԵրևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը որևէ բանով չի տարբերվում այլ նախընտրական քարոզարշավներից, ուստի այստեղ էլ մենք հերթական անգամ հանդիպում ենք վաղուց արդեն շրջանառված, ասված ու ծեծված ձևակերպումների և երևույթների: Վերջիններիս շարքում բնականաբար ամենահայտնին «միակ ընդդիմադիր» լինելու անխոնջ ձգտումն է: Այս անգամ արդեն միակ ընդդիմադիրի տիտղոսին հավակնում է Զարուհի Փոստանջյանը՝ իր Երկիր Ծիրանիով:
Մի կողմից, իհարկե, Զարուհին է, իրենց սպասելի է և իր պարագայում նորմալ, սակայն խնդիրն այն է, որ մինչ Զարուհի Փոստանջյանը հայաստանյան քաղաքական դաշտը միակ ընդդիմադիրների պակաս երբեք չի ունենցել, ավելին, ըստ էության, մինչ այս գրեթե բոլոր ընդդիմություններն էլ եղել են «միակ իսկական» ընդդիմադիրը: Ժամանակին դա ՀԱԿ-ն էր, մի պահ միակ ընդդիմադիրն էր Քաղաքացիական պայմանագիրը, ապա փոքր ինչ մեղմ գծերով Ելք դաշինքը: Վերջինս, ի դեպ, ուղղակիորեն չէր հայտարարում այս մասին, այլ մի փոքր ավելի մեղմ ձևակերպումներով, սակայն դրանից կարծես թե բովանդակությունը չէր փոխվում:
Դե, իսկ հիմա արդեն միակ ընդդիմադիրը, ինչպես տեսնում ենք, Զարուհի Փոստանջյանն է կամ Երկիր Ծիրանին: Չնայած՝ հանուն արդարության պետք է ասել, որ Երկիր Ծիրանի անվանումը մի փոքր չի տեղավորվում ոչ միայն ընդդիմադիր եզրույթի, այլև ընդհանրապես քաղաքական տեքստի տրամաբանության մեջ, բայց դե դա էլ թողնենք:
Հայաստանյան քաղաքական դաշտում միակ ընդդիմադիր լինելը կարծես թե դարձել է քաղաքական ուժերից շատերի վերջնական ու հիմնական նպատակը: Սա թերևս քաղաքական կուսակցության կամ ուժի համար արդեն իսկ ախտորոշում է, քանի որ, բնականաբար, միակ ընդդիմության տիտղոսի համար պայքարում են բոլոր «միակ ընդդիմադիրները», ցեխ են շպրտում միմյանց վրա և այլն, արդյունքը լինում է այն, որ հանրությունը խորը հիասթափությամբ է լցվում բոլոր այդ «իսկական» ընդդիմությունների նկատմամբ և ամեն ընտրության՝ ընտրակաշառքով կամ առանց դրա, գնում և ընտրում է Հայաստանի միակ իշխանությանը:
Այս շրջապտույտից դուրս գալու ելքերը այդպես էլ չեն երևում, ինչքան էլ Ելքն ասի, թե ելք կա: Միևնույն է այդ ելքը մնում է միակ ընդդիմադիրին ընտրելու կոչերի մեջ, իսկ կոչերով ոչ ելք է գտնվում, ոչ էլ, ի դեպ, ընդդիմադիր են դառնում, քանի որ, որպես կանոն, հայաստանյան քաղաքական իրականության մեջ բոլոր կոչերին հաջորդում են տրամաբանորեն հակառակ գործողությունները:
Միքայել Գալստյան