Գրիգոր Գրիգորյան. Բրոնզե մեդալն ինձ ուրախացնում է, բայց չի բավարարում
СпортՅուրաքանչյուր մարզիկի միակ երազանքը չեմպիոն դառնալ է, ոչ թե բրոնզե մեդալակիր դառնալը: Պետք է աշխատեմ հասնել առավելագույնին՝ ոսկե մեդալին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սերբիայից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Գրիգոր Գրիգորյանը: 74 կգ քաշայինների երրորդ տեղի համար գոտեմարտում Գրիգոր Գրիգորյանը 9:3 հաշվով առավելության էր հասել հույն Կիրիլոս Բինենմպաումի նկատմամբ:
«Շատ դժվար էր: Ես լավ էի պատրաստվել: Մրցակիցներս բոլորն էլ ուժեղ էին, բայց կարողացա հաղթահարել նրանց ուժը: Միայն չհաջողվեց կիսաեզրափակիչում հաղթել թուրք ըմբիշին, որը շատ ուժեղ էր: Նրա հետ գոտեմարտին լավ էի տրամադրվել, բայց չստացվեց: Որեւէ խնդիր չկար, հոգեբանական խնդիր եւս չկար, ուղղակի նա ինձանից ավելի ուժեղ գտնվեց այդ պահին:
Ամեն ինչ փորձում էի, որ ոսկե մեդալ նվաճեմ, բայց չկարողացա: Բրոնզե մեդալն ինձ ուրախացնում է, բայց չի բավարարում: Պետք է աշխատեմ հասնել առավելագույնին՝ ոսկուն: Յուրաքանչյուր մարզիկի միակ երազանքը չեմպիոն դառնալ է, ոչ թե բրոնզե մեդալակիր լինելը:
Այս առաջնությունը շատ բան տվեց մեզ, ինձ, թիմին: Մարզումների ընթացքում շատ այլ գաղտնիքներ մեզ սովորեցրեց գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը: Արդյունքները ցույց են տալիս, որ լավ է ընթանում ամեն ինչ:
Մրցավարությունը եւս նորմալ էր: Այս առաջնությունում չնկատվեց որեւէ կողմնակալ վերաբերմունք մեր նկատմամբ, ինչպես երբեմն լինում է՝ անարդար մրցավարություն, հատուկ ընդգծված վերաբերմունք հայ ըմբիշների նկատմամբ: Այստեղ չկար նման վերաբերմունք:
Այս մեդալն ինձ կտրամադրի ավելի մեծ նվաճումների: Հետագա իմ ճանապարհն էլ ուղղված է դեպի Տոկիո-2020 Օլիմպիական խաղեր: Ամեն ինչ կանեմ, որպեսզի առաջիններից լինեմ օլիմպիական ուղեգիր նվաճելու հարցում եւ լավ մասնակցություն ունենամ:
Առջեւում աշխարհի առաջնությունն է: Այնտեղ ավելի բարդ է լինելու, ավելի ուժեղ են լինելու մասնակիցները: Աշխարհի առաջնության համար պետք է պատրաստվենք կրկնակի լավ, աշխատենք կրկնակի շատ, որպեսզի ավելի լավ հանդես գանք, մեդալների գույներն էլ փոխենք»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ սերբական Նովի Սադում ընթացող Եվրոպայի առաջնությունում Գրիգորյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 10:1 հաշվով հաղթելով ավստրիացի Ամիրխան Վիսալիմովին: Երկրորդ գոտեմարտում նա մրցել էր լեհ Պյոտր Սոկալսկու հետ եւ առավելության հասել 6:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 5:4 հաշվով ուժեղ էր գտնվել վրացի Ավտանդիլ Կենտչաձեից, իսկ կիսաեզրափակիչում, լարված պայքարում 6:8 հաշվով պարտվել թուրք Սոմեր Դեմիրտասին:
Լուսինե Շահբազյան