Գիգս. Մանչեսթեր Յունայթեդից հեռանալուց հետո դիմել եմ հոգեբույժի օգնությանը
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսը խոստովանել է, որ ակումբից հեռանալու պատճառով դիմել է հոգեբույժի օգնությանը.
«14-ից 42 տարեկան հասակում ես եղել եմ «Մանչեսթեր Յունայթեդում»: Իմ կյանքն այնքան էր անցնում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի ռիթմով, որ ակումբում անցկացրած իմ վերջին տարուց առաջ ես սկսեցի գիտակցել, որ պետք է պատրաստ լինեմ կյանքումս սպասվելիք փոփոխությանը:
Երբ իմ կյանքը՝ որպես ֆուտբոլիստ, այնուհետև նաև մարզիչ ՄՅՈւ-ում մոտեցավ իր ավարտին անցած տարի, ես փոփոխությունների շատ կարևոր փուլում էի գտնվում: Որոշեցի այցելել հոգեբույժի, որպեսզի հասկանամ, թե ինչպես պետք է հաղթահարեմ այդ ամենը»,- Գիգսի խոսքերն է փոխանցում «The Telegraph»-ը:
43-ամյա Գիգսը հայտնել է, որ հոգեբույժի կողմից մի քանի առաջարկների շնորհիվ ինքը կարողացել է հարմարվել «Յունայթեդից» դուրս իր նոր կյանքին:
Հիշեցնենք՝ իր ողջ կարիերայի ընթացքում Գիգսը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում 963 պաշտոնական հանդիպման է մասնակցել: Նա համարվում է բրիտանական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողը:
2014 թվականի մայիսին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Գիգսը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնում, իսկ 2016 թվականի հուլիսի սկզբին հեռացել է անգլիական ակումբից: