Լեհաստանում կանգնեցվեց «Վիքիպեդիայի» առաջին հուշարձանը` հայ քանդակագործի նախագծմամբ
Լեհաստանում կանգնեցվել է «Վիքիպեդիա» ինտերնետ-հանրագիտարանի՝ աշխարհում առաջին հուշարձանը, որի հեղինակը հայազգի Միհրան Հակոբյանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' կոթողի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին Գերմանիայի սահմանից ոչ հեռու գտնվող Սլուբիցե քաղաքի Ֆրանկֆուրտյան հրապարակում: Նոր արձանի մասին տեղեկությունն ու դրա նկարն արդեն ներառված են Վիքիպեդիայի հուշարձանների բաժնում:
Հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնությամբ չորս տարի առաջ հանդես է եկել Սլուբիցեի «Կոլեգիում Պոլոնիկում»-ի տնօրեն Քշիշտոֆ Վոյցեխովսկին: 50 հազար զլոտի (12 հազար եվրո) արժողությամբ նախագծի հեղինակը՝ 30-ամյա քանդակագործ Միհրան Հակոբյանը, Կոլեգիումում ուսումնասիրում է բանասիրություն: Հուշարձանի բարձրությունը 1,7 մետր է: Միջոցները տրամադրվել են մունիցիպալ բյուջեից: