Բալոտելին կարող է տեղափոխվել Իսպանիա
СпортՖրանսիական «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելին կարող է ամռանը տեղափոխվել Իսպանիա,- տեղեկացնում է «AS»-ը:
26-ամյա իտալացու պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ նոր պայմանագիր կողմերը դեռ չեն կնքել:
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Լաս Պալմասը»: Պրիմերայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը զբաղեցնող ակումբն արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ:
Եթե Բալոտելին չերկարաձգի պայմանագրի ժամկետը «Նիսի» հետ, ապա ամռանը կունենա ազատ գործակալի կարգավիճակ: «Լաս Պալմասի» ղեկավարությունն իտալացուն առաջարկում է մեկամյա պայմանագիր` այն հետագայում ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով:
Ընթացիկ մրցաշրջանում Մարիոն մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 22 հանդիպման, դարձել 15 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: