ԱԻ նախարարը խոստանում է ստուգումներ իրականացնել բոլոր գազալցակայաններում՝ անկախ սեփականատիրոջ անձից
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր գազալցակայաններում իրականացնելու է կենտրոնացված կարգով ստուգումներ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ Խոսելով գազալցակայանները ստուգելու՝ վարչապետի հանձնարարականի մասին, նախարարը նշեց, թե մեկ ամսվա ընթացքում արդյունքները կներկայացվեն:
Արդյոք ստուգվելո՞ւ են Գագիկ Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները հարցին՝ Տոնոյանը պատասխանեց. «Բոլորի գազալցակայաններն էլ ստուգվելու են՝ կենտրոնացված կարգով: Խախտումների դեպքում ավելի, քան համոզված եղեք, որ պատասխանատվության կենթարկվեն»:
Հարցին, թե որն է պատճառը, որ ոլորտում խնդիրներ կան, նախարարն ասաց՝ թույլ կարգապահությունը։ Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ իր գլխավորած գերատեսչությունում կադրային փոփոխությունները շարունակվելու են: