Էբոլայի դեմ պատվաստանյութը գիտնականների կողմից մշակված էր դեռևս 2005 թվականին. New York Times
Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութը Կանադայի եւ ԱՄՆ-ի գիտնականների կողմից մշակված էր տակավին մոտ մեկ տասնամյակ առաջ, բայց դրա ստեղծման հարցում դեղագործական ընկերությունների շահագրգռված չլինելը թույլ չտվեց ձեռնամուխ լինել կլինիկական փորձարկումների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով N ew York Times թերթին:
Հրատարակությունը մեջբերում է արել Nature հանդեսում 2005 թվականին արված հաղորդագրությունից, որում ասված է, թե գիտնականներին հաջողվել է պատվաստանյութ մշակել Էբոլայի դեմ, որն իր արդյունավետությունն ապացուցել է կապիկների վրա: Կենդանիների մոտ, որոնց պատվաստում էին արել, կայուն իմունիտետ էր գոյանում տենդի նկատմամբ: Արդեն այն ժամանակ գիտնականներն ընդգծում էին իրենց մշակման կարեւորությունը մարդկանց շրջանում հիվանդության դեմ պայքարելու համար եւ հույս ունեին երկու տարվա ընթացքում ձեռնամուխ լինել մարդկանց վրա պատվաստանյութի թեստերին, իսկ 2010-20 11 թվականներին ավարտել պատվաստանյութի լիցենզիայի ստացման գործընթացը:
Սակայն, ինչպես գրում է New York Times-ը, քանի որ այն ժամանակ Էբոլա տենդը համեմատաբար հազվադեպ հանդիպող հիվանդություն էր, «դեղագործական ընկերությունների մեծամասնությունը հրաժարվեց հսկայական գումարներ ծախսել մի արտադրանքի վրա, որը պահանջված կլինի ցածր գնողունակությամբ երկրներում»:
Հրատարակությունը ներկայացրել է Վանդերբիլդի համալսարանի (Vanderbilt University, Թենեսիի նահանգ) պատվաստանյութի մշակման կենտրոնի ղեկավար Ջեյմս Քրոուիի տվյալներն այն մասին, որ եթե «պատվաստանյութի գիտական մշակումը կարող է արժենալ մի քանի միլիոն դոլար, ապա մարդկանց վրա դրանց թեստավորումը եւ արտադրությունը կարող է նստել արդեն հարյուր միլիոնավոր դոլարներ, իսկ շուկա դուրս բերելու պահին ներդրումների ընդհանուր ծավալը կարող է հասնել 1-1,5 մլրդ դոլարի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: