Կայացավ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը
КультураԷդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթը մեկնարկեց մայիսի 10-ին Հայաստանի կոմպոզիտորների միությունում: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի, Արցախի երաժշտական և արվեստի դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավելի քան երկու տասնյակ պատանի ստեղծագործողներ:
«Տարիների ընթացքում մասնակիցների քանակը ավելանում է, և նրանք իրենց հանդեպ ավելի պահանջկոտ են դառնում, իսկ մենք անում ենք ամեն բան, որ պատանի ստեղծագործողների գործերը հնչեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում»,- նշեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ընտրական (փակ) և մրցութային երկու տարիքային խմբերում. կրտսեր խումբ` մինչև 13 տարեկան ներառյալ, ավագ խումբ` 14-18 տարեկան:
Մրցույթի երկու խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով, պատվոգրերով, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներով: Երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները ևս կարժանանան դրամական պարգևների:
Մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի խոսքով` մրցույթը պատանի կոմպոզիտորներին հնարավորություն է տալիս ճանաչել միմյանց ստեղծագործությունները, մտերմացնում է նրանց: «Կարծում եմ, որ այս մրցույթը մասնակիցներին թույլ է տալիս լիովին բացահայտել սեփական կարողությունները»,-ասաց Մակարյանը և հավելեց, որ անցյալ տարի նախորդ տարվա մասնակիցների գործերը հնչել են Բրյուսելում:
Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանն ընդգծեց, որ իր սանը` Լեո Բաղդասարյանը, հաջողությունների է հասել այլ մրցույթներում և փառատոներում ու սիրով է մասնակցում նաև Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական մրցույթին: «Մրցանակները կարող են ոգևորել, բայց ոչ ավելին: Եթե ստեղծագործողը մտածում է միայն հաղթանակի մասին, նա զարգացում չի ապրում»,-շեշտեց Բաբայանը:
Մասնակից Հայկ Մելքոնյանն ասաց, որ իր ստեղծագործությունները ծնվում են իր մտորումների արդյունքում, մուսան այցելում է այն ժամանակ, երբ ինքը մենակ է լինում ու թղթին հանձնում երևակայական աշխարհը: «Եթե հաջողության հասնեմ, լավ կլինի, եթե ոչ` չեմ ընկճվի»,-եզրափակեց Հայկը:
«Առաջին անգամ երկու տարի առաջ եմ մասնակցել այս մրցույթին ու առաջին մրցանակն եմ շահել: Սիրում եմ երաժշտությունը ու կարծում, որ բոլոր դաշնակահարներից ինչ-որ բան կարելի է սովորել»,- նշեց մասնակից Անդրեյ Կուբերտը:
Մրցույթի ժյուրիի անդամներն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:
Մրցույթի կազմակերպիչն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, աջակիցները՝ Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ մշակույթի նախարարությունը:
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է 2014 թվականից: Մրցույթի նպատակը պատանի կոմպոզիտորներին իրենց ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն ընձեռելն ու կոմպոզիտորական մեծ ընտանիքի մասնիկ դառնալն է: