«Մաքուր Հայաստանն» ընթացքի մեջ է լայն թափով
Общество«Մաքուր Հայաստան» ծրագիրը մեկնարկել է, լայն թափով ընթացքի մեջ է, և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ուրախ է, որ կառավարության բոլոր կառույցները ներգրավված են ծրագրում։
«Մեր նախարարությունով մեկնարկը տվել ենք Ջրվեժի արգելոցապարկային համալիրից։ Իրականացրել ենք և՛ ծառատունկ, և՛ մաքրման աշխատանքներ։ Սա ոչ միայն շրջակա միջավայրը աղբից մաքրելու գործընթաց է, այլ գաղափարախոսություն, որը պետք է արտահայտվի կրթության, դաստիարակության մեջ»,- նկատեց նախարարը։
Աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ապրիլի 20-ին նշել է. «Սույն թվականի փետրվարի 16-ի «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականի կատարման շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք:
Առկա է դրանց պատշաճ հսկողության բացակայություն, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքները թերի են, ճանապարհների և ճանապար համերձ հատվածներում աղբի կուտակումներ կան և այլն։ Վիճակն ուղղակի ողբերգական է և կարծում եմ, որ բոլորդ էլ դա նկատել եք: Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասամբ մարզպետերի, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը։
Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար։ Հետևաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում»։ Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու որդեգրած քաղաքականությունը և ստեղծված վիճակի անթույլատրելիությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է՝ մեկնարկել «Մաքուր Հայաստան» ծրագիրը հենց ապրիլի 20-ից։