Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երկու ընկեր հոյհոյել ու վիճել են բար-սրճարանի կին աշխատակիցների ու տնօրենի հետ
Արթուր Գրիգորի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. սեպտեմբերի 04-ին՝ ժամը 18:50-ին, իր ընկեր՝ Երվանդ Տիգրանյանի հետ, գնալով Աբովյան քաղաքի «էտնո» բար–սրճարան, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ վիճաբանել են բարի մատուցողուհու՝ Թեհմինե Միրզոևայի, մենեջեր Մելինե Շահնազարյանի, հաճախորդ՝ Մինաս Վահանյանի և բարի տնօրեն էդգար Ասատրյանի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով Է.Ասատրյանի և Մ.Վահանյանի նկատմամբ, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք բարի հաճախորդների աշխատակիցների նկատմամբ, շուրջ 45 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են տվել վերջիններիս հասցեին, այդ կերպ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և բար-սրճարանի գործունեության բնականոն ընթացքը։
Երվանդ Վիլիկի Տիգրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:50-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խմբի կազմում՝ իր ընկեր՝ Արթուր Գրիգորի Գրիգորյանի հետ, Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 10/7 հասցեում «Էդգար Ասատրյան»Ա/Ձ–ի անվամբ գործող «Էտնո» բար-սրճարանում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձանց նկատմամբ բռնության և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, այն է՝ իր անձի «առավելությունը» ցուցադրելու, շրջապատին հակադրվելու, վերջինի հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցադրելու, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք արտահայտելու մոլուցքից դրդված, անհիմն պատճառով վիճաբանել են բարի մատուցողուհի՝ Թեհմինա Միրզոևայի, մենեջեր՝ Մելինե Շահնազարյանի, հաճախորդներ՝ Մինաս Վահանյանի, Գոռ Պետրոպանի և բարի տնօրեն՝ էդգար Ասատրյանի հետ, որի ընթացքում բար-սրճարանում ներկա գտնվող հաճախորդների և բար-սրճարանի աշխատողների ներկայությամբ, խախտելով բար-֊սրճարանի գործունեության բնականոն ընթացքը, շուրջ 45 րոպե տևողությամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ տալով՝ քաշքշել են էդգար Ասատրյանին և Մինաս Վահանյանին, հարվածել Գոռ Պետրոսյանին, որի ժամանակ Ե.Տիգրանյանը որպես զենք օգտագործվող առարկայով՝ աթոռով, հարվածել է Մինաս Վահանյանի և Գոռ Պետրոսյանի մեջքին։
Գործում մեղադրյալներ Երվանդ Տիգրանյանն ու Արթուր Գրիգորյանը նախկինում դատված չեն եղել: Իրեղեն ապացույց ճանաչված աթոռը` փաթեթավորված և կնիքված վիճակում կցվել է քրեական գործին: Դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին: