Ոստիկաններն ապօրինի փորձել են խուզարկել լրագրողի բնակարանը
ОбществоNEWS.am-ը գրում է.
Ոստիկանության աշխատակիցներն այսօր՝ մայիսի 11-ին, վաղ առավոտյան առանց դատարանի որոշման փորձել են խուզարկել civilnet.am կայքի լրագրող Արփի Մախսուդյանի բնակարանը՝ այնտեղ փնտրելով ծանր հանցագործություն կատարած անձին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրողը:
«Առավոտ ծեգին չորս ոստիկան մեզ հյուր էին եկել ու ուզում էին տունը խուզարկել՝ առանց համապատասխան օրդերի, իբր հանցագործի են փնտրում ու օպերատիվ ինֆո ունեն, որ մեր տանն է, մենք էլ ասոցացված անձ ենք, հետո երբ պահանջեցի դուրս գալ տնից, որովհետև առանց համապատասխան որոշման տունը խուզարկելու իրավունք չունեն, սկսեցին գոռգռալ, թե իրենք են ասողը իսկ մենք կատարողն ենք: Հարգարժան ոստիկաները փորձեցին սկեսրայրիս բաժին տանել՝ մեղադրելով մեզ, իրենց օպերատիվ հետախուզությանը խոչընդոտելու համար՝ մեր տանը առավոտ կանուխ, առանց թույլտվության»,-գրել է լրագրողը՝ նշելով, որ նրանք հեռացել են միայն այն բանից հետո, երբ սպառնացել է հրավիրել իր փաստաբանին:
Քաղաքացիական հագուստով չորս անձինք ներկայացել են ոստիկանության Շենգավիթ բաժնի աշխատակիցներ:
Արփի Մախսուդյանի խոսքով՝ ոստիկաններն իրենց դրսեւորել են հանցագործի նման, ինչի հետեւանքով վախեցել է իր մանկահասակ երեխան:
«Կոպտորեն ոտնահարվել է իմ եւ ընտանիքիս իրավունքը, ինչը բողոքարկելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի աջակցությամբ»,-մեզ հետ զրույցում ասել է լրագրողը:
Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ հրապարկմանը տեղյակ են, ուսումնասիրում են: