Դրված է իշխանափոխության հարց. Ռուբեն Հակոբյան
Դրված է իշխանափոխության հարց, և մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում արդյունքի վրա, քան լոզունգների: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Մեր քաղաքական մշակույթում, ցավոք սրտի, եթե հետադարձ հայացքով նայեք, երբեմն քաղաքական ուժերը, քաղաքական շարժումները գերի են դարձել ինչ-որ լոզունգների: Պետք է ակնկալել՝ ինչպես հասնել կամ սկզբունքորեն կարողանալ այդպիսի սցենար ունենալ, ինչպես հասնել արդյունքի, ոչ թե ինչպես անել, որ գեղեցիկ լոզունգներ լինեն, որոնք ճանապարհի կեսին դատապարտվում են և պարտվում են, - նշեց նա:
Խոսելով միասնական օրակարգի մասին՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ միասնական օրակարգի ձևակերպումն է, որ այս քաղաքական ուժերը միասին գնում են իշխանափոխության:
Ճանապարհային քարտեզի որոշակի դետալներ, Ռուբեն Հակոբյանի խոսքով, խմբագրման ընթացքի մեջ են: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մոտեցումը, այդ ճանապարհային քարտեզի սցենարը, և չեմ կարծում, որ մենք առանց օրակարգի ենք գնում: Կան դեռևս որոշ չհամաձայնեցված հարցեր, որոնք, կարծում եմ կամ գոնե ցանկանում եմ, որ միտինգի պահին կամ մինչև միտինգն այդ հարցերը կունենան իրենց միասնականությունը»,- նշեց նա: