Ոստիկանության տարածքային բաժինների պետերը մասնակցել են մասնագիտական պարապմունքի
ОбществоՀՀ ոստիկանության տարածքային բաժինների պետերի մայիսի 11-ին տեղի ունեցած հերթական մասնագիտական պարապմունքը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, խոսելով հետախուզման մեջ գտնվող եւ անհայտ կորած անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումների արդյունավետության բարձրացման մասին` Հունան Պողոսյանը կարեւորել է ոստիկանության տարբեր ծառայությունների համագործակցությունը:
Հետախուզման մեջ գտնվող անձանց անձնագրավորման առանձնահատկությունների, ինչպես եւ հետախուզման մեջ գտնվող անձի կողմից անձնագրային ծառայություն դիմելիս անձնագրային ծառայության եւ ոստիկանության տարածքային բաժնի համագործակցության մասին խոսել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
Իսկ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը ներկայացրել է ոստիկանության պրոֆիլակտիկայի ստորաբաժանումների կողմից իրականացվող հետախուզական աշխատանքները։
Ավարտին ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել տարածքային բաժինների պետերին։