Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտ այսօր կդառնար 26 տարեկան
Общество2016 թվականի ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անմահացած ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանն այսօր կդառնար 26 տարեկան:
Արգիշտի Գաբոյանը ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով դիմագրավել և հետ է շպրտել հակառակորդի գերազանցող ուժերին: Մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով թշնամու բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով:
Արգիշտին ապրիլյան առաջին օրերից անհետ կորած էր: Ամենաուշը ճանաչվել ու հայկական կողմին է հանձնվել հենց նրա մարմինը:
Ապրիլյան պատերազմի հերոսը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Արգիշտին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ավարտելուց հետո ծառայության է անցել Թալիշում:
Հայրը՝ Արծվիկ Գաբոյանը, ազատամարտիկ է, մասնակցել է Արցախյան պատերազմին, այժմ էլ պայմանագրային զինծառայող է: Մանկուց Արգիշտին հոր հետ պարբերաբար Արցախ է գնացել, նրա մարտական ընկերների հետ շփվել: Արգիշտիի մայրը հարցազրույցներից մեկում պատմել է, որ այդ այցերից մեկի ժամանակ հանդիպել է սպարապետ Վազգեն Սարգսյանին, զրուցել հետը ու այդ օրվանից մեծ համակրանք տածել Սպարապետի նկատմամբ:
Ծնողների խոսքերով՝ Արգիշտին հավաքել էր Վազգեն Սարգսյանի նկարները, ամեն ինչ պատրաստել էր, որ մայիսի 9-ին զորամասում բացեր Սպարապետին նվիրված անկյուն…այսօր այդ նկարներն ու նյութերը պահվում են Արգիշտիի սենյակում:
Նշենք, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղն ապրիլյան պատերազմին երեք հերոս է տվել՝ Արգիշտի Գաբոյան, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյան՝ Մոնթե, սերժանտ Արման Անդրեասյան: