Փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը հայազգի հերոսների մասին դասախոսություն կարդաց սփյուռքի նախարարության աշխատակիցների և ուսանողների համար
Общество«Սարդարապատի հերոսամարտի և առաջին հանրապետության ականավոր գործիչների մեծարման օրեր» ծրագրի շրջանակում ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը հանդես եկավ դասախոսությամբ։
ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն ասաց, որ նախարարությունը որոշել է մեկ օր նվիրել այն հերոսներին, ռազմական, քաղաքական խոշոր գործիչներին, հատկապես գեներալներին և մարշալներին, ովքեր աշխարհի տարբեր հատվածներում իրենց հերոսությամբ զարմացրել են շատ ժողովուրդների։
«Մենք գիտենք, որ մեր իրականության մեջ կա մի նվիրյալ՝ Տիգրան Հայազնը (Տիգրան Պետրոսյանց), ով Գարեգին Ղազարյանի հետ տարիների տքնաջան աշխատանքով իմի են բերել, հավաքել և ստեղծել են մեր ռազմական պատմությունը՝ «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը։ Մենք բոլորս պետք է կարդանք այդ գիրքը, գիտակ լինենք մեր պատմությանը, որպեսզի զոհից վերածվենք ռազմական պատմություն կերտող ազգի»,- նշեց Սերժ Սրապիոնյանը։
Պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցն էլ իր հերթին ընդգծեց, որ իրենց գրքի ստեղծումն իրոք երկար տարիների աշխատանք է պահանջել։
«Ես այժմ 65 տարեկան եմ և 50 տարուց ավել իմ հետաքրքրությունների շրջանակում եղել է հայ պատմության մեջ աչքի ընկած զինվորականներին ներկայացնելու խնդիրը»,- նշեց Պետրոսյանցը։
Դասախոսությանը ներկա էին սփյուռքահայ մտավորականներ, ուսանողներ և նախարարության աշխատակիցներ։