Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը նոր գույք է ստացել
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը մայիսի 17-ին այցելել են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն՝ ծանոթանալու Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրված փրկարարական գույքի և սարքավորումների առաջին 3 խմբաքանակներին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Նախարարն ու դեսպանը շրջեցին կենտրոնի տարածքում՝ ծանոթանալով վերջինիս հագեցվածությանն ու հնարավորություններին:
Գույքը նախատեսված է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության վերազինման և կարողությունների բարձրացման համար: Նշենք, որ այն տրամադրվում է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը միակն է տարածաշրջանում և նախատեսված է նաև այլ երկրներում փրկարարական աշխատանքների կատարման համար:
Համագործակցության շրջանակներում տրամադրված գույքը ներառում է փրկարարական գործիքների լրակազմ, ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ փրկարարական գործիքների հավաքածուներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ, որոնք նախատեսված են վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար: Կան նաև հատուկ սարքավորումներ՝ մոտոպոմպեր, նախատեսված ջրահեռացման աշխատանքներ կատարելու համար:
Ի.Վոլինկինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս համագործակցությունը երկու դաշնակից երկրների միջև ձևավորված համագործակցության մի մասին է միայն: Ըստ նրա՝ այս սարքավորումները շատ կարևոր և անհրաժեշտ են, քանի որ դրանք թույլ կտան կենտրոնին աշխատել իր ողջ ներուժով և լուծել իր առջև դրված շատ խնդիրներ:
- Սա միայն սկիզբն է. 2017-18 թթ. ընթացքում կլինեն նորանոր սարքավորումներ և փրկարարականտեխնիկա: Այս գույքը կծառայի, ինչպես Հայաստանին, այնպես էլ կունենա տարածաշրջանայիննշանակություն,- եզրափակեց Ի. Վոլինկինը:
Հայ-ռուսական կենտրոնին տրամադրվող գույքը կծառայի Հայաստանում, ՌԴ-ում և հնարավոր է նաև երրորդ երկրում ծագած արտակարգ դեպքերին արձագանքելու համար: Այն նախատեսված է նաև ոլորտում Հայաստանի կարողությունները հզորացնելու համար:
Սարքավորումների և տեխնիկայի մի մասը կշահագործվի ՓԾ տարբեր ստորաբաժանումների կողմից: Դրանք կներառեն նաև կենսապահովման համար նախատեսված զանազան պարագաներ՝ ինչպես օրինակ՝ փրկարարական վրաններ՝ նախատեսված դեպքի վայրում թե՛ անձնակազմի, և թե՛ տուժածների կարիքները բավարարելու համար:
Հայաստանին տրամադրվող գույքի մյուս խմբաքանակն այստեղ կլինի մինչև առաջիկա շաբաթը: Ցանկը կներառի ամենատարբեր փրկարարական, ջրափրկարարական գործիքներ, ինչպես նաև՝ հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ»: