Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական ողջույնն ու օրհնությունը բերեց 6-րդ գումարման պատգամավորներին
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մեկնարկեց ՀՀ ԱԺ 6-րդ գումարման առաջին նիստը, որը վարում է Կնյազ Հասանովը: Նա նիստի բացման իր խոսքում շնորհակալություն հայտնեց Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունից՝ երկրի օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար:
«Այսօր ինձ համար շատ ուրախ, միաժամանակ պատվաբեր ու պատասխանատու պահ է: Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների անունից շնորհակալություն եմ հայտնում իմ հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին՝ ի դեմս հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանի՝ երկրի օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար»:
ԱԺ նիստերի դահլիճում նախագահությունում է նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Նիստի բացումից հետո դահլիճում հնչեց ՀՀ ազգային օրհներգը, իսկ ծափերից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական ողջույնն ու օրհնությունը բերեց 6-րդ գումարման պատգամավորներին:
Վեհափառ հայրապետն իր խոսքում նշեց, որ այս տարիներին ջանքեր են ներդրվել՝ ապահովելու բարենպաստ միջավայր հոգեւոր եւ ազգային-եկեղեցական կյանքի զորացման համար:
«Բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ մեր կյանքից, սակայն, դեռեւս թոթափված չեն խնդիրներն ու դժվարությունները: Ծանրակշիռ ջանքեր պահանջող ուղի պետք է անցնենք՝ կերտելու մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքը, ապահովելու խաղաղությունը մեր սահմաններում, պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքներն ու իրագործելու ազգային մեր իղձերը»,– ասաց նա՝ հավելելով. «Բարձրագույն օրենսդիր մարմնում դուք կոչված եք մեր երկրին ու հավատավոր ժողովրդին ծառայելու մեծ ու պատասխանատու առաքելության: Օրենքները, որոնք պետք է ընդունվեն այս բարձր մարմնում, պիտի ամրացնեն ու առաջընթաց բերեն մեր հասարակական կյանքին, դառնան հարազատ հայելին մեր ինքնության, մեր արժեքների, արտահայտեն մեր ժողովրդի իղձերը, ամրապնդեն ազգային մեր համերաշխությունն ու միասնությունը: Խորհրդարանը նաեւ կարեւոր հարթակ է, որտեղ բազմակարծությունը, մտքերի ու նախաձեռնությունների բազմազանությունը, ծնունդ առած նախանձասեր ու նախանձախնդիր նույն ոգուց, առավել պիտի ընդլայնեն մեր երկրի զարգացման հեռանկարները: Հայացքների ու տեսակետների տարբերությունները, սակայն, երբեք չպիտի դառնան հակառակությունների ու անհանդուրժողականության պատճառ՝ խոչընդոտելով Ազգային ժողովի արդյունավետ առաքելությունը»,– ասաց Վեհափառ Հայրապետը: