Ծախվածի օրագիրը
АналитикаՈրոշ լրատվամիջոցներ Հայաստանում միայն պատվեր են կատարում։ Դա գիտեն բոլորը։ Այսօր նրանք կարող են մեկի հետ լինել ինտիմ (ինտիմը պետք չէ հասկանալ բառի միայն սեռական իմաստով) հարաբերությունների մեջ ու գրել նրա ցանկությամբ, վաղը՝ մեկ ուրիշի հետ ու գրել նախկինի դեմ։ Բնական է, մեր խնդիրը չէ քննարկել նրանց բարոյականության և մարդկային հանգրվանի ասպեկտները։
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Արգամ Աբրահամյանը գնում է Ազգային ժողով ու հրաժարական է տալիս Արտաշատի քաղաքապետի պաշտոնին, որոշ ոչ հիշարժան տարրեր աշխուժացան։ Նրանք իրենց ունեցած և չունեցած կապերով մի լայն արշավ ձեռնարկեցին Աբրահամյանների ընտանիքի դեմ՝ չպահպանելով որևէ բարոյական վարքականոն։ Իսկ այդ, այսպես ասած, վերլուծագանգների և հրապարակախոսների վերնագրերը մեկը մյուսին գերազանցում են իրենց բնորոշ մառազմով և դատափետված անպատասխանատվությամբ։
Դրանցից մեկը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքից ազատել է Հովիկ Աբրահամյանի ամենամտերիմ մարդկանցից մեկին՝ Արտաշատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանին, ով մարզպետարան էր տեղափոխվել նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին»։ Այնուհետ, ինչպես անուն են դավադրության տեսության իրական սիրահարները, սկսում է լեգենդներ հյուսել իր ձևավորած և կերտած կերպարի շուրջ։ Իրականում, ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, թե այդ տարածքում ով ինչ հեղինակություն ունի։ Փաստորեն ցանկացած կլասի պաշտոնյայի հեռացումը այդ մարզում Աբրահամյանների դարաշրջանի ավարտ է կանխորոշու՞մ: Արդյո՞ք ձեր մարազմատիկ մտքերով ինքներդ ձեզ ծիծաղելի չեք թվում, տիկնայք և պարոնայք...
Անգամ երբ պատվեր ես կատարում ու ստիպված ես սևացնել քո «թիրախին», դրա համար էլ կան որոշակի նորմեր ու ձևաչափեր, որ գեղեցիկ ստացվի։ Հակառակ պարագայում տպավորություն է ստեծվում, որ այդ ամենը վախի արդյունք է։ Ահաբեկված ես քո տեսած գործոններից ու արդյունքներից և հիմա գնում ես իրերի հակառակ հունով։ Իհարկե, վաղուց հասունացել է պահը, որպեսզի որոշ լրատվամիջոցներ հիմնավորեն իրենց սերը կամ ատելությունն այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ։
Տղաներ ու աղջիկներ, եթե չեք կարողանում հոդաբաշխ ու իմաստալից մտքեր արտահայտել, այլ միայն թույն եք թափում, բնավ պարտադիր չէ լրատվական դաշտում լինեք։ Մալաթիայի շուկայում բազմաթիվ ազատ հաստիքներ կան։
Սիրանուշ Ղարիբյան