«Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մաքուր արտադրություն» ծրագիրն ամփոփել է աշխատանքները
Общество«Անի Պլազա» հյուրանոցում մայիսի 18-ին տեղի է ունեցել «Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մաքուր արտադրություն» Հայաստանում» ծրագրի եզրափակիչ ազգային համաժողովը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բարձր գնահատելով ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները` բնապահպանության նախարարի տեղակալը նշել է. «Դեռևս չորս տարի առաջ մենք գործառնական առումով աղոտ պատկերացում ունեինք այս ծրագրի իրականացման մասին, արդյոք այս ծրագիրն իր կիրառումը կարող է ունենալ Հայաստանում թե ոչ, արդյո՞ք վաղ է խոսել կանաչ տնտեսության ներդրման մասին: Այսօր արդեն ծրագրի շրջանակներում մենք ունենք կատարված ծավալուն աշխատանք, ինչպես նաև չափելի և փաստացի ցուցանիշներ, և արդեն իսկ ժամանակն է խոսել կատարված աշխատանքների, ինչպես նաև մեր երկրում ծրագրի կապիտալաց ման և շարունակականության մասին: Անցումը կանաչ տնտեսությանը ոչ միայն ժամանակի հրամայականն է, այլ արդյունավետ ցանկացած բիզնեսի կազմակերպման գործընթացում: Այդ պատճառով մեր առաջ խնդիր ենք դրել շատ կարճ ժամանակում ունենալ մեծ ծավալի կանաչ արտադրություն` կանաչ տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնես: Միևնույն ժամանակ մենք խնդիր ենք դնում այս միջոցով իրականացնել համապատասխան սերտիֆիկացում, դրանով իսկ ավելի մրցունակ դարձնելով տեղական արտադրանքը համապատասխան պահանջարկ ունեցող միջազգային շուկաներում:
Խ. Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ ծրագրի հենքի վրա ստեղծվելու է կանաչ տնտեսության ազգային կենտրոն, որն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության 2017 թ. միջոցառումների ծրագրում:
Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության /UNIDO/ Արդյունաբերական ծրագրերի ղեկավար Կառոլինա Գոնսալեսը, ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, «Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության» /ՌԱՄԱ/ ծրագրի ազգային համակարգող Նունե Հարությունյանը:
«Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մաքուր արտադրություն»/ ՌԱՄԱ/ ծրագիրը կանխարգելիչ մոտեցում է, որն օգնում է բարելավել ձեռնարկությունների բնապահպանական վարքագիծը և ռեսուրսների արդյունավետությունը: Այն նպաստում է կայուն արդյունաբերական զարգացման, աշխատատեղերի ստեղծման և հետագա եկամուտների աճին:
Այս ամենը ձեռք է բերվում ՌԱՄԱ դրույթների, մեթոդների, տեխնոլոգիաների և քաղաքականության համակողմանի ներդրման շնորհիվ, ձեռնարկությունների և կազմակերպությունների, բիզնես ծառայություններ մատուցողների, այդ թվում՝ խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների միջոցով:
Հայաստանում «Ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրություն» ցուցադրական ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվում են կանխարգելիչ բնապահպանական և արտադրողականության բարձրացման այնպիսի մոտեցումներ, որոնք բացահայտում են ռեսուրսների բարելավված արտադրողականության երեք առավելությունները` նվազեցված արտադրողական ծախսեր՝ նյութերի, էներգիայի ու ջրի օգտագործում, նվազեցված բնապահպանական ազդեցություն՝ ավելի քիչ թափոններ, արտանետումներ և աղտոտում, բարելավված հանրային առողջություն ու անվտանգություն: